Շիրակում կա հացահատիկահավաք կոմբայնների խնդիր
SocietyՇիրակի մարզում այս տարի աննախադեպ բերք է ակնկալվում, բայց մարզի միաժամանակ գրեթե բոլոր տարածաշրջաններում մեկնարկած բերքհավաքը խնդրի առաջ է կանգնեցրել գյուղատնտեսներին և ֆերմերային տնտեսություններին. տեխնիկայի բացակայությունը դժվարացնում ու ձգձգում է բերքահավաքը: Եթե մարզում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության» ծրագրի շրջանակներում ամեն տարի տեխնիկայի ու գործիքների համալրում լինում է, ապա հացահատիկահավաք կոմբայների խնդիրը միշտ զգացվում է: Մարզում կա 280 կոմբայն, ինչը գրեթե կրկնակի պակաս է անհրաժեշտ քանակից, իսկ եղածներն էլ հին են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, նոր կոմբայնները  ; ոչ միայն կարագացնեն բերքահավաքը, այլ նաև կնվազեցնեն բերքի կորուստը, իսկ այն արդեն հին տեխնիկայով բավական մեծ է:
«Մեր խնդիրը միշտ մնում է բերքհավաքի արդյունավետ տեխնիկան: Ցավոք, հացահատիկահավաք կոմբայնների հարցն այսօր դեռևս չենք կարող լուծել: Այդ է պատճառը, որ բավական կորուստ ենք ունենում. այն 120 հազար տոննան, որ մենք արտադրում ենք, կարող էր 10 հազար տոննայով ավելի լինել: Եթե կոմբայնները նոր լինեն, կորուստները քիչ կլինեն: Մարզում կոմբայների թիվը 280-ի է հասնում, բայց բերքահավաքի ժամանակ հարևան մարզերից ևս բերում ենք, հետո էլ՝ մերն ենք տեղափոխում»,- նշեց Մովսես Մանուկյանը՝ հավելելով, որ տեխնիկան տրամադրվում է ծրագրային հիմունքերով:
Մեկ կոմբայնի արժեքը 45 հազար ԱՄՆ դոլար է, տրվում է վարկային հիմունքերով՝ 20 տոկոս կանխավճարով, 4 տարվա ընթացքում մնացածի փակման պայմանով, մինչև 12 տոկոս տոկոսադրուքով: «Այսպես, մենք մարզում ունենք դեռ 1 համայնք, որն առաջիկայում կստանա այս պայմաններով հացահատիկահավաք կոմբայն, այն ձեռք կբերվի Բասեն համայնքի կոոպերատիվի կողմից: Դա բելոռուսական արտադրության կոմբայն է՝ իր ծավալով ու չափերով հարմար: Սա նոր ժամանակակից կոմբայն է՝ իր հնձիչով, նման չէ խորհրդային տարիներին արտադրված կոմբայններին:
Այս կոմբայնի փորձարկումից հետո, հուսով եմ, դրա պահանջարկ ներկայացնող համայնքների թիվը կավելանա: Մենք մարզում ունենք 18 համայնք, որոնք ունեն կոոպերատիվներ, և դրանք կունենան այս ծրագրին մասնակցելու հնարավորություն: Մարզում կոմբայնների վերջին համալրումը եղել է 2006 թվականին, իսկ տրակտորները և գյուղգործիքների կազմը համալրվում է ամեն տարի: Մենք մարզում շատ համայնքներ ունենք, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության» ծրագրի շրջանակներում շատ տեխնիկա են ձեռքբերել: Միայն այս տարի, այս ծրագրով, նախատեսված է ձեռքբերել 25 միավոր գյուղտեխնիկա՝ իրենց գյուղգործքներով»,-ավելացրեց պատասխանատուն: Արմենուհի Մխոյան