Թուրքիայի ռազմական գործողությունների միջազգային և ներքաղաքական «աստառները»
AnalysisԹուրքիայում, ահաբեկչական գործողությունների շուրջ ծավալված կրքերը, կարծես, չեն հանդարտվում:
Թուրքիայի նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ն հուլիսի 28-ին արտահերթ նիստ անցկացրեց դեսպանների մակարդակով` Թուրքիայում ահաբեկչությունների կապակցությամբ: Դռնփակ նիստից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի խորհուրդը դատապարտում է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունները և իր ցավակցությունն է հայտնում երկրի կառավարությանը: Նա նաև հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տիրող իրավիճակին վերջին ահաբեկչական հարձակումներից հետո և կանգնած է իր դաշնակից Թուրքիայի կողքին: http://www.nato.int/cps/en/natohq/opinions_121933.htm
Ամերիկյան The Wall Street Journal հեղինակավոր պարբերականի կարծիքով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի արտահերթնիստհրավիրելու այս խնդրանքը դիտվում է որպես դաշինքի պաշտոնական աջակցության նախաբան: Ըստ ՆԱՏՕ-ի պայմանագրի դրույթներից մեկի՝ դաշինքի անդամ երկրի անվտանգության կամ տարածքի վտանգված լինելու ժամանակ հնարավորություն կա դիմելու ՆԱՏՕ-ի խորհրդակցությանը: http://www.wsj.com/articles/nato-meets-at-turkeys-request-to-discuss-crisis-in-syria-iraq-1438078682
Այնուամենայնիվ, չուշացավ Սթոլթենբերգի նախազգուշացումը Թուրքիային, մասնավորապես վարչապետ Ահմեթ Դավութօղլուին` չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը: http://ria.ru/world/20150727/1149611453.html
Մինչ ՆԱՏՕ-ի անդամ երկրները արտահերթ նիստ էին անցկացնում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն արեց այն մասին, որ այլևս հնարավոր չէ շարունակել Քրդական աշխատավորական կուսակցության հետ ունեցած զինադադարը: Նախագահը կոչ արեց խորհրդարանին զրկել անձեռնմխելիությունից «ահաբեկչական խմբերի» հետ կապ ունեցող պատգամավորներին:
Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը հետևեց նաև մեկ այլ դիտարկում, որում վերջինս մեղադրեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին «ահաբեկչական խմբերի» հետ կապեր ունենալու մեջ՝ փորձելով լուծել միջկուսակցական խնդիրները:
Գործը, սակայն, միայն մեղադրանքով չավարտվեց: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հանդեպ սկսվեց հետաքննություն՝ մեղադրելով վերջինիս նախորդ տարեվերջին Սիրիայի քրդական Քոբանի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարդկանց զինելու մեջ: Կուսակցության առաջնորդին սպառնում է մինչև 24 տարվա ազատազրկում:
Նշենք, որ Թուրքիայի ռազմական գործողությունները դիտարկվում են որպես Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված գործողություններ, որոնց նպատակն է 68կմ երկարություն ունեցող «անվտանգության գոտի» ստեղծել թուրք-սիրիական սահմանի երկայնքով, որն ակնկալվում է, որ կօգնի ԱՄՆ-ին Հյուսիսային Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում: Միևնույն ժամանակ, սակայն, զարգացումները նաև օգտագործվում են թուրքական իշխանությունների ներկուսակցական և ներքաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար:
Հասմիկ Այվազյան