Կարճաղբյուրում այս տարի կմեկնարկի իշխան ձկան վերամշակման գործարանի կառուցումը
SocietyԳեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածքում մինչեւ տարեվերջ նախատեսվում է սկսել իշխան ձկան վերամշակման գործարանի կառուցումը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Կարճաղբյուրի գյուղապետարանում անցկացվեցին օրենքով նախատեսված վերջին 2 հանրային քննարկումները, որոնք վերաբերում էին վերամշակման գործարանի `շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը եւ լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսություններին: Քննարկման առաջին փուլում խոսվեց վերամշակման գործարանի կազմակերպման նախագծային առաջարկվող լուծումների, գործարանի գործարկման պարագայում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների նվազեցման լուծումների մասին:
«Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդվարդ Գեւորգյանի հավաստմամբ` վերամշակման գործարանում տարեկան 6000 տոննա ձկնամթերքի արտադրություն է ենթադրվում: Արտադրվելու են իշխան ձկան կիսապատրաստուկներ, պահածոներ: Թափոններ չեն լինելու, փոխարենը վերամշակման հումքից պատրաստվելու են ձկան ալյուր եւ յուղ: Նախատեսված է արտադրանքը իրացնել Հայաստանում եւ արտերկրում: Գործարանը կունենա հարյուրավոր աշխատատեղեր:
Հանրային լսման 2 -րդ փուլում քննարկվեցին Սեւանա լճում տեղակայվող ցանցավանդակային տնտեսություններին վերաբերող հարցեր: «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի տնօրեն Արշակ Աղաջանյանը նշեց, որ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում նախատեսվում է գործարանում աճեցված մանրաձկան մի մասը բաց թողնել Սևանա լիճ, իսկ մյուս մասն էլ` լճում տեղակայված ցանցավանդակներ: Հաշվի առնելով բնապահպանական մի շարք խնդիրներ, առայժմ Շորժայի հատվածում իրականացված փորձնական ծրագրից հետո հիմնական ցանցավանդակները կտեղադրեն միայն 2016 թվականին: «Մոնիտորինգի համապատասխան խորհուրդն է որոշելու լճում տեղակայված ցանցավանդակների տեղերը, կերակրման նորմաները, ուսումնասիրելու է Սեւանա լճի զրոյական վիճակը, մոնիտորինգ է անցկացնելու ցանցավանդակների շրջապատում իրականացվող երևույթների վերաբերյալ եւ տալու է հիմնավորումներ: Մոնիտորինգի ամենամյա արդյունքներն ամփոփելուց հետո, որոշումներ են կայացվելու ծրագրի առաջընթացի հետ կապված»,- նշեց «Սեւանի իշխան» ՓԲԸ խոր հրդի նախագահ Համբարձում Համբարձումյանը:
Հանրային լսումներին մասնակցող մասնագետների հավաստմամբ` «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» խոշոր, հեռանկարային ու արդյունավետ ծրագիր է, որը կվերականգնի Սեւանի իշխանի երբեմնի պաշարները, որի շրջանակներում կուսումնասիրվեն ձկան արտադրությունից մինչեւ սպառում ողջ արժեշղթայի լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտները, որոնք եւ կներդրվեն ծրագրի յուրաքանչյուր օղակում:
Խոսրով Խլղաթյան