Երևանում Իրաքի եզդիների ցեղասպանության առաջին տարելիցին նվիրված ցուցահանդես բացվեց
SocietyԻրաքի եզդիների ցեղասպանության առաջին տարելիցին նվիրված լուսանկարների ցուցահանդես բացվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում: Իրաքյան իրադարձություններն ամփոփող չորս տասնյակից ավելի լուսանկարները հանրությանը ներկայացրին եզդի ուսանողներն ու «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը:
«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ցուցահանդեսի կազմակերպիչներից Զեմֆիրա Քալաշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն է եզդիների ցավը, խնդիրները հանրությանը ներկայացնելը:
«Ուզում ենք, որ մարդիկ ավելի լավ իրազեկված լինեն: Լուրջ փոփոխություն դժվար է սպասել, բայց որքան մարդ տեղյակ լինի տեղի ունեցող իրադարձություններից, այդքան ավելի շուտ խնդիրը լուծում կստանա: 40-ից ավելի նկար է ներկայացված, տարբեր մարդիկ են հեղինակները: Օգոստոսի 3-ին լրանում է ցեղասպանության մեկ տարին: Այն, ինչ տեղի է ունեցել, մինչև հիմա շարունակվում է: Փախստականները ծանր վիճակում են, ցանկանում ենք նաև հանրության ուշադրությունը դրա վրա սևեռել»,-նշեց նա:
«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին էլ տեղեկացրեց, որ փորձել են ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել խնդրին:
«Երեկ մեր կազմակերպությունը Հայաստան տեղափոխեց երեք փախստական ընտանիքների, նրանց համար միջոցներ ենք փորձելու հանգանակել, զբաղվում ենք իրենց խնդիրներով»,-նշեց նա:
1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանություն է համարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպես նաև խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: