Ազգային պատկերասրահը Մորիցբուրգի հիմնադրամի աջակցությամբ ցուցադրություն կկազմակերպի
CultureՄորիցբուրգի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կկազմակերպվի ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվի մոտ 160 լուսանկար։
Ինչպես տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին որոշվել է հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի, Հայաստանում Գերմանիա յի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի, դեսպանատան մշակութային բաժնի պատասխանատուի հետ հանդիպման ժամանակ:
Վեց շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը նախատեսվում է բացել սեպտեմբերի կեսերին։
Շնորհավորելով Արման Ծատուրյանին ՀԱՊ-ի տնօրեն նշանակվելու կապակցությամբ՝ Մաթիաս Քիսլերը շեշտել է, որ իր՝ Հայաստան գալուց հետո առաջին այցելած օջախը հենց ազգային պատկերասրահն է եղել։
Հյուրերը տպավորված եղել թե՛ շենքի ճարտարապետությամբ, և թե՛ պահպանվող մշակութային արժեքներով։
«Եթե չլինեին նման հեղինակներ, նման ստեղծագործություններ, մենք չէինք ունենա այս տաճարը, ցուցադրելու ոչինչ չէինք ունենա»,- շեշտել է Արման Ծատուրյանը, ապա ավելացրել, որ համագործակցությունների, միջոցառումների և ձեռնարկվող աշխատանքների շնորհիվ պատկերասրահն առաջիկայում կդասվի աշխարհի լավագույն թանգարանների շարքին։
Արման Ծատուրյանը խորապես կարևորել է գերմանական թանգարանների հետ տեղեկատվական ծրագրերի փոխանակումը, մշակութային, գիտական, հետազոտական, վերականգնողական աշխատանքների իրականացումը։
Հյուրերը ՀԱՊ տնօրենի ուղեկցությամբ շրջել են սրահներում, հընթացս քննարկել ցուցադրության և հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին Արման Ծատուրյանը հյուրերին է նվիրել ՀԱՊ-ի կազմած և հրատարակած կատալոգները: Նշվել է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն։