Ավստրիայի ԱԳ նախարարը գլուխ խոհարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սեբաստիան Կուրցը ծաղիկ դրեց և գլուխ խոնարհեց 1.5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Նա ջրեց 2010 թվականին այդ ժամանակվա Ավստրիայի արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի տնկած եղևնին:
Ավստրիայի ԱԳ նախարարը զրուցեց ու լուսանկարվեց նաև Ծիծեռնակարդ այցելած ավստրիացի զբոսաշրջիկների հետ, որից հետո շտապեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպական խորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ինչպես նաեւ ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը:
Այս տարի տարի ապրիլի 24-ին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության, ավստրիահայ կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջագիր-նամակ է փոխանցվել Ավստրիայի կառավարական շրջաններին, ավստրիացի պատգամավորներին, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներին: Նամակին կից հասցեատերերին փոխանցվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հատուկ փաթեթավորմամբ: