Վարդան Բիչախչյան. նման կուրիոզ դեպք հենց մեզ հետ պետք է պատահեր
SocietyՀայաստանի առաջնության առաջին տուրում «Շիրակի» ու «Գանձասար Կապանի» միջև կայացած մարզային դերբիի (2:1) ավարտից հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը պատասխանեց լրագրողների հարցերին, տեղեկացնում է Armsport.am–ը:
-Նախ առաջին հերթին բոլորին շնորհավորում եմ առաջնության մեկնարկի կապակցությամբ: Բոլոր ֆուտբոլիստներին ցանկանում եմ զերծ մնալ վնասվածքներից և բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում:
Մեզ համար շատ կարևոր էր առաջնությունը հաղթանակով սկսել և Եվրոպա լիգայից հետո դեպի Բարձրագույն խումբ անցումը ճիշտ կատարել: Անցյալի դառը փորձ ունենք, երբ եվրագավաթներից հետո անհաջող ենք մեկնարկում առաջնությունում: Այսօրվա հանդիպումը շատ լարված և նյարդային ստացվեց: Հակառակորդը խաղում էր հակագրոհների մարտավարությամբ. ամբողջ թիմով պաշտպանվում էր և գնդակ խլելուց հետո արագ գրոհներ էր ձեռնարկում: Նման մեծաքանակ պաշտպանությունը ճեղքելը հեշտ չէ, ուստի առաջին կեսում շատ էինք դիմում հեռահար հարվածների:
tert.am-ը գրում է.
Երկրորդ խաղակեսում արդեն կարողացանք ճնշումն ավելացնել և հաղթանակ տոնել: Բացի այդ, խաղին մոտեցել էինք կորստով հանձինս Դրիսա Դիարասուբայի:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք խաղի առաջին գոլը:
- Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել: Հավանաբար այդ կուրիոզ դեպքը հենց մեզ հետ պետք է պատահեր: Չեմ կարծում, թե մրցակցի ֆուտբոլիստը միտումնավոր գրավեց մեր դարպասը. Էլյազյանը շատ առաջ էր եկել և նրա գլխավերևով գնդակը հայտնվեց դարպասում: Դրանից հետո խաղադաշտում նյարդային իրարանցում սկսվեց, բայց «Գանձասարի» ֆուտբոլիստները պահպանեցին Արդար խաղի կանոնները և գրավեցին սեփական դարպասը:
- Որքանո՞վ էր «Շիրակը» պատրաստ այս խաղին: Այսօր շատ էին դեղին քարտերը և
փոխանցումների խոտանը: Մրցակցի մարզիչը դա պայմանավորեց առաջնության սկզբի հետ:
- Բնականաբար կարելի է այդ հանգամանքները կապել իրար հետ: Այս խաղից առաջ շատ եմ ժամանակ տրամադրել տղաների հետզրուցելու վրա, նշել եմ, որ հարկավոր է անմիջապես ներգրավել առաջնությանը: Ամեն դեպքում առաջին խաղակեսում մեր խաղն ինձ չբավարարեց: Հատկապես դաշտի կենտրոնում, երբ պետք է ռիսկը նվազագույնի հասցվեր, շատ էին գնդակի կորուստները: Նման ավելորդություններից պետք է խուսափենք:
- Անդրանիկ Բարիկյանն ու Տիգրան Դավթյանը թիմում չեն: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Նրանց պայմանագրերի ժամկետներն ավարտվել են և ակումբը որոշել է չերկարաձգել դրանք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անդրանիկից ու Տիգրանից այսքան տարիների ընթացքում մեր թիմում ունեցած ելույթների համար: Նրանք նվիրված են եղել «Շիրակին» և օրինակ են ծառայել մյուս ֆուտբոլիստներին:
Այնպես չէ, որ նրանք թիմին պետք չէին, պարզապես մենք այդկերպ տեղ ազատեցինք, որպեսզի շանս տանք մեր երիտասարդ խաղացողներին:
-Դիարաուբան ինչո՞ւ չէր խաղում:
Հարցին պատասխանում է Շիրակ՞ մամուլի քարտուղարը. – Դիարասուբայի պայմանագրի ժամկետն ավարտվել է և այժմ նոր համաձայնագիր կնքելու համար թղթաբանական հարցերն են շտկվում:
-Բուգուհիի ապագայի մասին ի՞նչ կարող եք ասել:
– Առայժմ անորոշ վիճակ է: Այս պահին նա «Շիրակի» ֆուտբոլիստն է: