Հայաստանում խնդիրահայրույց է վերելակների սպասարկման մասնագետների պակասը. փորձագետ
SocietyԵրևանում վերջին շրջանում վերելակների անսարքության պատճառով առաջացած մահվան ելքով դեպքերից հետո մեծացել է թե համատիրությունների, թե բնակիչների զգոնությունը: Նման տեսակետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փորձագետը նշեց, որ ավելացել են վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության տեմպերը: «Դավթաշեն վարչական շրջանում այս տարի ընդհանուր գրանցված մոտ 360 վերելակներից 80 տոկոսը վերջնական փորձաքննական եզրակացություն արդեն ստացել է` մի մասը դրական, մյուս մասը` բացասական»,-ասաց փորձագետը: Լուսինե Հովհաննիսյանը դժվարացավ նշել, թե Երևանում գրանցված 5 հազար վերելակներից քանիսին է փորձաքննության արդյունքում տրվել բացասական եզրակացություն: «Բացասական եզրակացություն է տրվում, եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են թերություններ, որոնք տեխնածին են ու վթարի սպառնալիք են հանդիսանում: Այդ թերությունները հայտնաբերելուց հետո արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողին տրվում է ժամկետ դրանք վերացնելու համար: Կրկին իրականացնում ենք այց` համոզվելու թերությունները վերացվել են, թե ոչ: Բացասական եզրակացությունները տարբեր ժամանակաշրջաններում տրվում են` կախված օբյեկտի տեխնիկական վիճակից»,-ասաց Լուսինե Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքով` իրենց կենտրոնը վերելակների փորձաքննության պայմանագրեր է ստորագրում համատիրությունների հետ, որոնց կազմում են վերելակները: Սակայն լինում են համատիրություններ, որոնք տեխնիկական անվտանգության փորձաքննության պայմանագիր չեն կնքում, խուսափում են դրանից:
Վերելակների շահագործման ոլորտում խնդիրահայրույց է վերելակների սպասարկումն ապահովող մասնագետների պակասը: «Էլեկտրամեխանիկներն արդեն տարիքով մեծ են, աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Քանի որ վերելակները պետք է ենթարկվեն ամենօրյա, տասն օրը մեկ անգամ, ամիսը մեկ անգամ, եռամսյակը կամ կիսամյակը մեկ անգամ զննումների, էլեկտրամեխանիկները ֆիզիկապես ի վիճակ չեն դա կատարելու, քանի որ նրանց ամրագրված վերելակների թիվը շատ մեծ է ստացվում: Շատ տեղերում մենք չունենք մասնագետներ, այլ կան վթարային ծառայություններ, այսինքն` միայն անհրաժեշտության դեպքում են մասնագետները վերելակները զննության ենթարկում»,-նշեց փորձագետը` հավելելով, որ կա պահեստամասերի խնդիր: Դրանց ներկրումն, ըստ փորձագետի, թանկ է, ժամանակատար, վերելակաշինական գործարանները, որոնք խորհրդային տարիներին արտադրել են մասեր, հիմա կամ չեն գործում, կամ մասնակի են գործում:
Մեկ այլ խնդրահարույց հարց է բնակչության կողմից վերելակների հանդեպ ոչ խնամքով վերաբերմունքը: «Մենք բոլորս` որպես արտադրական վտանգավոր օբյեկտներից օգտվողներ, պետք է գնահատենք վերելակների ռիսկայնությունը: Վերելակներն աշխատում են գերծանրաբեռնվածությամբ: Քաղաքացիներն էլ պետք է քայլեր ձեռնարկեն այդպիսի իրավիճակներից խուսափելու համար»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը` ավելացնելով, որ երբեմն մարդատար վերելակներն ուղղակի բեռնատարի տեղ են օգտագործվում: