Եթե ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն առանձին կերպով քայլեր նախաձեռնեն տարածաշրջանում` իրավիճակն ավելի կսրվի
InterviewՕրերս ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների պաշտպանական և արտաքին քաղաքականության գերատեսչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացման հարցը:
Ըստ Դ. Տոնոյանի՝ ԱՄՆ-ն կօգնի ղարաբաղյան գոտում զինադադար պահպանել: Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները սովորաբար ամենալարված ու թեժ պահերին հանդես են գալիս Հայաստանին և Ադրբեջանին ուղղված սթափության և զսպվածության կոչերով, սակայն այս անգամ կարծես ԱՄՆ-ն արել է առավել հստակ հայտարարություն: Թե իրականում ինչ է թաքնված ԱՄՆ-ի «սրտացավ» հայտարարության տակ, Orer.am-ը փորձեց պարզել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ զրույցում:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա, որովհետև զինադադարի քսան տարիներին Մինսկի խմբի համանախագահող երկրները նույն մեսիջներն են արել: Նրանք ասել են, որ զինադադարը պետք է պահպանվի: Ըստ համանախագահող երկրների, հատկապես Միացյալ Նահանգների՝ ստատուս քվոյի պահպանումը ինչ-որ պահի հանգեցնելու է սրացման»,- կարծում է Մակեյանը:
Հարցին, թե արդյոք հարկ եղած դեպքում` պատերազմական վիճակում, ԱՄՆ-ն կհիշի՞ խաղաղության իր կոչերը, թե՞ կդիմի բացառապես իր շահերից բխող քայլերի, Պ. Մակեյանը կարծիք հայտնեց, որ բոլոր երկրները, հատկապես գերտերությունները, հարկ եղած դեպքում, անկախ իրենց կատարած հայտարարություններից, դիմելու են այնպիսի քայլերի, որոնք իրենց են ձեռնտու:
«Եթե գերտերության շահերից բխի, որ իրավիճակը սրանա, ապա կարծում եմ՝ ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է»,- ասաց նա: Հարցին, թե այս պահի դրությամբ ԱՄՆ-ն ինչ-որ քայլեր կնախաձեռնի՞ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար, Մակեյանը ասաց, որ եթե ԱՄՆ-ն ինչ-որ բաներ նախաձեռնի տարածաշրջանում` տվյալ դեպքում Ղարաբաղում, «դա լուրջ չի ընկալվի»: «Հաշվի առնելով այն լարված վիճակը, որն առկա է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, կարծում եմ, որ որևէ ուժի կողմից առանձին կերպով հանդես գալը միայն լարվածություն կբերի»,- խոսքը եզրափակեց վերջինս:
Սոսե Չանդոյան