Կաթ մթերող ընկերությունը Վահան գյուղի տնտեսություններին չի վճարել ամռան ամիսներին մթերած կաթի դիմաց
SocietyԳեղարքունիքի մարզի սահամանամերձ Վահան գյուղի բոլոր տնտեսությունները դեռեւս հույսով սպասում են «Աշտարակ կաթ» ընկերության ղեկավարների բարյացակամությանը` ստանալու մթերված կաթի դիմաց իրենց հասանելիք գումարները, որոնք արդեն կազմում են մոտ 25 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, այս տարվա հունիս եւ հուլիս ամիսներին ընկերությունը Վահանի տնտեսություններից մթ երել է մոտ 250 հազար լիտր կաթ` մեկ լիտրը 100 դրամ արժեքով, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ դեռեւս ոչ մի վճարում չի կատարել որեւէ տնտեսության:
«Մեր հաճախակի ահազանգերին «Աշտարակ կաթ»-ի պատասխանատուները պատասխանում են, որ մթերված կաթն առայժմ չի իրացվել, իրացվելուն պես վահանցիները կստանան իրենց գումարները:Գյուղացիներն էլ բերքահավաքի այս օրերին գումարի խիստ կարիք ունեն, սպասել չեն կարող, քանի որ բերքը շտապ հավաքել ու տուն բերել է հարկավոր: Պարտքը չվճարելու դեպքում մարդիկ ստիպված կլինեն այլ ելքեր որոնել, այլ մթերողներ գտնել»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան