Շոգ եղանակի պատճառով Հայաստանում ավելացել է հիվանդությունների թիվը
SocietyՇոգ եղանակի հետ կապված հիվանդությունների թվի որոշակի աճ կա, սակայն իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ է: Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
«Անցյալ տարվա հետ համեմատած հիվանդությունների թվի ավելացում կա, բայց իրավիճակը վերահսկվում է: Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ունենք, հստակ մոտեցումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Խաչատրյանը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն էլ ընդգծեց, որ մինչև շոգ եղանակների արձանագրումը նախարարությունը տարբեր եղանակներով հանրությանն իրազեկել է, ինչպես պաշտպանվել շոգից:
«Ուլտրամանուշակագույն ճառագայթների և օդի բարձր ջերմաստիճանի պատճառով առողջական խնդիրներ են առաջանում: Եթե չափավոր քանակով են ուլտրամանուշակագույն ճառագայթները, խնդիր չէ, սակայն եթե քանակը չափավոր չէ, բացասական անդրադարձ է լինում մարդու օրգանիզմի համար»,-նշեց նա:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն է: Մեծ քանակներով երկարատև ազդեցությունը մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ` ինչպես սուր, այնպես էլ ուշացած՝ առաջացնելով արևային էրիթեմա (արևայրուկ), արևահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ, մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ: «Երեխաների, հղիների, ծերերի, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են արևի ուղիղ ճառագայթները, նրանք ռիսկային խմբում են, հնարավորինս անհրաժեշտ է խուսափել հատկապես 12-17-ն ընկած ժամերին արևի տակ լինելուց »,-նշեց Արտավազդ Վանյանը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը հորդորեց օրական գոնե մինչև 3 լիտր հեղուկ օգտագործել` այդ թվում ավանդական թան: «Ջրի հետ որևէ թթու հատապտուղ օգտագործելը ևս լավ ազդեցություն է ունենում, ինչպես նաև թեյը` և’ սառը, և’ տաք, և’ գոլ վիճակներում»,-նշեց նա` հորդորելով նաև չչարաշահել շաքար և կոֆեին պարունակող հեղուկների օգտագործումը:
Առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ է տալիս պաշտպանիչ միջոցներ`գլխարկներ, ակնոցներ, հովանոցներ կրել:
Ամռան ամիսներին մեծանում է նաև վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` պայմանավորված հիվանդությունների փոխանցողների բազմացման համար առավել նպաստավոր պայմաններով:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը և վարակիչ հիվանդությունների վտանգը կանխելու ու նվազեցնելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցողները ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կա մ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: Անհրաժեշտ է արգելել երեխաներին լողանալ դեկորատիվ ջրավազաններում, ինչպես նաև խստագույնս հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, ինչպես նաև սանհանգույցից օգտվելուց հետո։
Միրգ-բանջարեղենն, օգտագործելուց առաջ լավ պետք է լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել այն պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ինչպես նաև չգնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող` պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք: