Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի մոտեցումներն ընտրովի ու ընդհանրական է համարել
International newsՈւելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հրապարակված փաստաթղթում Մոլդովայի և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված և ընտրովի մոտեցումներ են արտահայտում և չեն համապատասխանում եռանախագահների արտահայտած գաղափարներին ու մոտեցումներին: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ, այդ ձևակերպումները չեն համապատասխանում նաև այն որոշումներին, հայտարարություններին, որոնք արվել էին վերջին տարիներին ԵԱՀԿ շրջանակներում:
«ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներին և ջանքերին: Մինսկի խմբի համանախագահողները բազմիցս հայտարարել են կարգավորման սկզբունքների մասին նաև նախագահների մակարդակով, հինգ հայտնի հայտարարությունների միջոցով ներկայացրել դրանք: Այդ սկզբունքներն ու հայտարարությունները համահունչ են Հայաստանի մոտեցումերին: Պետք է նշեմ, որ երկու համանախագահները անդամ են դաշինքին' ՆԱՏՕ-ին: Չնայած դրան, ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովների ժամանակ որոշ փոփոխություներով և հատկապես Ուելսում Մոլդովայի և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ ներառվել են ձևակերպումներ, որոնք ընտրովի մոտեցումներ են արտահայտում և չեն համապատասխանում եռանախագահների արտահայտած գաղափարներին և մոտեցումներին»,- սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Էդվարդ Նալբանդյանը' հավելելով, որ այդ ընդհանրացված ընտրովի մոտեցումները մեծ վտանգ են պարունակում:
«Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին և վնաս է հասցնում տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը: Նաև նպաստում, որ Ադրբեջանն ավելի շատ է կտրվում իրականությունից և իր ռազմատենչ քաղաքականությամբ հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային հանրության մոտեցմանը»,- ասաց Նալբանդյանը' հավելելով, որ միջազգային իրավունքի սկզբունքներին նմանօրինակ ընտրովի մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկիի եզրափակիչ ակտին:
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն էլ չմեկնաբանեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հրապարակված փաստաթուղթը, քանի որ իր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին' Կուրցն ասաց, որ կողմերը պետք է գտնեն խաղաղ լուծում: «Վիեննան պատրաստ է օժանադակել նրանց, ովքեր կցանկանան իրականացնել քաղաքական երկխոսությունը: Նախորդ տարի Վիեննայում նախագահների հանդիպումը օգտակար է եղել և հույս ունեմ, որ հետագայում ռազմական բախումներ չեն լինի»,- ասաց Կուրցը:
Ուեսլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրները սատարում են Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին' հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Նրանք նաև նշել են, որ սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: