Գեղարքունիքում կարկտահարությունից տուժել է հացահատիկի 700 հեկտար ցանքատարածք
SocietyԳեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Կախակն, Արփունք, Վարդենիս եւ Խաչաղբյուր համայնքներում համապատասխան հանձնաժողովների կողմից ճշտվում են օգոստոսի 2-ի երեկոյան գրանցված ուժեղ կարկտահարության պատճառած վնասների չափերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, նախնական տվյալներով՝ տեղացած&nbs p; կարկուտն ավերել է մոտ 700 հեկտար հացահատիկային մշակաբույսերի արտեր, որից մոտ կեսը ենթակա չէ հնձման:
Վնասվել է մոտ 40 հեկտար կարտոֆիլի դաշտ, որից մոտ 30 հեկտարը ենթակա չէ վերականգնման: Տուժել է նաեւ մոտ 25 հեկտար ոլոռի ցանք:«Երկու ամսի չափ շարունակվող երաշտին գումարվեց նաեւ կարկտահարությունը, ինչը հարյուրավոր հեկտարների վրա լուրջ վնասներ է պատճառել վեց համայնքների տնտեսություններին: Տեղացած կարկուտը, ինչպես արձանագրեց մեր հանձնաժողովը, եւ ինչպես վկայում են բնակիչները, հասնում էր գրեթե ձվի մեծության: Մի քանի օրից համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովները մարզպետարան կներկայացնեն վնասների իրական չափերը: Ամեն դեպքում, սա երաշտից հետո երկրորդ ծանր հարվածն էր Վարդենիսի տարածքի գյուղատնտեսությանը»,-նշեց Վանիկ Հովհաննիսյանը:
Խոսրով Խլղաթյան