Ավտոբուսների հավաստագրումը՝ նոր գլխացավանք տուրիստական ընկերությունների համար
InterviewԻնչպես հայտնում է Orer.am-ը, հուլիսի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատեց զբոսաշրջային ավտոբուսների հավաստագրման նոր կարգը, ինչը տուրիզմի ոլորտի աշխատողների շրջանում քննարկումների առիթ դարձավ:
Ըստ նոր կարգի՝ հավաստագրում ստանալու համար ավտոբուսի սրահը պետք է ունենա արտաքին եւ ներքին գրավիչ տեսք, արտաքինից ներկն ու սրահի երեսպատումը չպետք է ունենան քերծեր ու ճաքեր։ Նստելատեղերի թիկնակները պետք է բավարար վիճակում լինեն։ 14-18 և ավելի տեղ ունեցող ավտոբուսների համար նստատեղի լայնությունը պետք է լինի համապատասխանաբար 40 եւ 43 սմ, իսկ դրանց միջև հեռավորությունը՝ 70 և 72 սմ, շարքերի միջեւ հեռավորությունը՝ 60 եւ 55 սմ։
Ավելի քան 18 նստատեղ ունեցող ավտոբուսների համար անհարժեշտ է ոտքերի հենակ, բացովի սեղանիկ։ Ավելի քան 40 տեղանոց ավտոբուսների համար նախատեսված է սանհանգույց և լվացարան։ Սառնարանը պարտադիր է բոլոր ավտոբուսներում։ 14-18 տեղ ունեցող ավտոբուսներում պետք է լինի մեկ մոնիտոր, իսկ 18-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսներում՝ ամեն հինգ շարքի համար մեկ մոնիտոր։
Orer.am-ը փորձեց պարզել՝ ինչ ռիսկեր է պարունակում այս որոշումը տուրիստական ընկերությունների համար:
Տուրիստական ընկերության տնօրեն Վահե Լոռենցը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նոր կարգը ոլորտը կտանի մոնոպոլիզացման. «Չափանիշները գուցե միջազգային ստանդարտներին համապատասխան են, բայց Հայաստանում նման մի քանի ավտոբուս կա ընդամենը: Այդտեղ էլ պետք է որոնել թաքնված շան գլուխը: Շահառուները նրանք են, այդ ավտոբուսների ստվերային տերերը...կամ՝ պատվեր է:
Նման որոշումներ հենց այնպես չեն ընդունվում: Մանավանդ, մինչ օրս որևէ մեկը չի բողոքել հայաստանյան ավտոբուսների վիճակից: Կարծում եմ՝ դա պետք է սպասարկող տվյալ ընկերության խնդիրը լինի: Ամեն ընկերություն պիտի ջանա բարելավել իր ծառայությունների մակարդակը»:
Հարցին, թե արդյո՞ք հավաստագրման ոչ պարտադիր լինելու հանգամանքը չի մեղմացնում իրավիճակը՝ Վահե Լոռենցը պատասխանեց. «Պարտադիր չէ, բայց հնարավորություն է ընձեռում որոշ ընկերությունների իրենց մարկետինգում օգտագործել «հավաստագրված տրանսպորտային միջոց» տերմինը, ինչը մրցակցային դաշտում անհավասարություն է ստեղծում: Բացառված չէ, որ մի գեղեցիկ օր այն պարտադիր դառնա:
Բացի այդ, այդ որոշման շահառուն, որպես այդպիսին, կարող են լինել միայն մեկ կամ մի քանի ընկերություններ: Չնայած՝ որոշման մեջ գրված է, թե իբր դա արվում է զբոսաշրջիկի շահերի համար, թե նրանք ավելի լայն ընտրություն կատարելու հնարավորություն կստանան:
Ծիծաղելի աչքակապություն է սոսկ: Տուրիստի մասին մտածողը թող կոմունիկացիաներ զարգացնի, ճանապարհներ ու զուգարաններ սարքի... ոչ թե պաշտպանի ինչ-որ խմբի անհատական կամ խմբակային շահերը: Մոտ 400 հազար դոլարով 2 փչացած զուգարան գնողները մինչ օրս նստած մտածում են, թե ինչպես Հայաստանում տուրիզմ զարգացնեն... Ի՞նչ լավ բան կարելի է սպասել այդ մարդկանցից»:
Մեր հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են ինչ-որ կերպ իրենց բողոքը արտահայտել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք, բացի բողոքելուց, այլ բան անել գրեթե անհնարին է: Սա հարվածում է տուրիզմի ոլորտում գործատուների շահերին: Ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս դեմն առնել... Խնդիրը խորքային է: Կառավարությունում նստած են այնպիսի մարդիկ, որոնց համար չկա համազգային շահ, պետական շահ հասկացություն, կա միայն խմբակային ու անձնական շահի տեսլական: Դրանից պետք է սկսել»:
Անժելա Պողոսյան