Երկնքում տեսանելի է մոլորակների եռակի միացում
SocietyՄոլորակների եռակի միացումը, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ, հնարավոր է տեսնել աշխարհի տարբեր անկյուններից: Օգոստոսի 6-ի առավոտյան իրար մոտ դիտվում են Վեներան, Ուրանը և Մարսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայկական աստղագիտական ընկերությ անը, այսօր մոտ 7.8 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի ամենապայծառ մոլորակ՝ Վեներան, ինչպես նաև Ուրանը և Մարսը:
Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Մարսը նույնպես պայծառ է և դիտվում է անզեն աչքով, սակայն Ուրանը տեսնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։
Հիշեցնենք, որ մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:
Այս մոլորակների անցյալ եռակի միացումը դիտվել է 2011թ, մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 2015թ․ օգոստոսի 28-ին: