Ճապոնական կազմակերպությունները հետաքրքրված են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով
SocietyՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը դեսպանին է ներկայացրել այն կարևոր ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են Հայաստանում տրանսպորտի ոլորտում, մասնավորապես, ընդգծելով կառուցվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի բացառիկ դերը Հայաստանի զարգացման համար։
«Մենք ունենք ևս մի կարևոր նախագիծ՝ Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը, որը մեծապես կնպաստի աշխարհի հետ Հայաստանի տնտեսական կապի ընդլայնմանը։ Ես համոզված եմ, որ մենք ընդհանուր եզրեր կգտնենք առաջիկայում
տրանսպորտի ոլորտում ավելի սերտ համագործակցության համար»,- ասել է նախարարը:
Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ճապոնական կազմակերպությունները ևս հետաքրքրված են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով և հույս է հայտնել, որ ճապոնական կողմը նույնպես կներգրավվի աշխատանքներում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ
հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: