Սլովակիայում բացվել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը
CultureՍլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում օգոստոսի 4-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցադրությունը կազմակերպվել է Պրահայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության և Բանսկա Բիստրիցայի թանգարանի ջանքերով: Այն արդեն ցուցադրվել էր այս տարվա ապրիլին Բրատիսլավայում՝ Մշակույթի նախարարության մեծ ցուցասրահում:
Բացման խոսքով հանդես են եկել Սլովակյան Ազգային ապստամբության թանգարանի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Միչևն ու Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով անդրադարձել է ներկայացված ցուցանմուշներին, ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և 20-րդ դարի առաջին ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին։ Դեսպան Սեյրանյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Ազգային խորհրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ նոր հոդվածներ ավելացնելու համար:
Բացման արարողությանը մասնակցել են Բանսկա Բիստրիցայում Սլովակիայի Հանրապետության նախագահի գրասենյակի տնօրեն Ստանիսլավ Լիշկան, քաղաքապետ Յան Նոսկոն, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: