Երևանը շահագրգռված է Տոկիոյի հետ համագործակցության խորացմամբ. Տարոն Մարգարյան
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչիի հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հայաստանո ւմ դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ` քաղաքապետը հույս է հայտնել, որ դեսպանի գործուն աջակցությամբ նոր խթան կտրվի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային շուրջ 10 կազմակերպությունների` ձևավորելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև ճապոնական քաղաքների ու, մասնավորապես, մայրաքաղաք Տոկիոյի հետ և այդ հարցում, պարոն դեսպան, ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու ճապոնական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին իր հերթին նկատել է, որ խոշոր քաղաքների առջև ծառացած խնդիրները հիմնականում միանման են և ընդգծել է, որ այս հարցում, անշուշտ, կարևոր է քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:
«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցություն ձևավորելու և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում կա Ձեր պատրաստակամությունը, ինչն անչափ կարևոր է, վստահ եմ, որ այն առաջիկայում կստանա գործնական ընթացք»,- նշել է դեսպանը:
Առանձնակի կարևորելով նաև ներդրումային ծրագրերի իրականացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս մասով ևս առկա է փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ հավելելով, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Որպես քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության կարևոր ուղղություն` Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև զբոսաշրջության զարգացումը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Երևանում ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում քաղաքն առավել հարմարավետ և սպասարկման ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ: