Ամառային արձակուրդներից հրաժարվելը հանգեցնում է գործունեության անարդյունավետության. հոգեբան
SocietyԱմառային հանգիստն անհրաժեշտ նախապայման է առողջության պահպանման, վերականգնման և աշխատանքային գործունեության արդյունավետության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը: «Հոգեբանական տեսնակյունից ցանկալի է և անհրաժեշտ, որպեսզի մարդն օգտագործի այդ հանգ իստը, որովհետև հանգիստը հնարավորություն է տալիս մարդուն նախ և առաջ հանգստանալ, ուժ հավաքել և ակտիվ կենսագործունեություն ծավալել»,- հավելեց հոգեբանը:
Առանց հանգստի մշտական աշխատանքն արդյունավետ չէ և, հետևաբար, տևական աշխատանքային ռիթմը պահանջում է, որ աշխատանքի և հանգստի ռեժիմը հավասարակշռված լինի: «Չհանգստանալու դեպքում մարդու մոտ կարող են նկատվել հուզական ոլորտի որոշակի դրսևորումներ: Օրինակ` նյարդայնություն, դյուրաբորբոքություն, անհամբերություն, որոնք, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան աշխատանքային մթնոլորտի վրա և առավել ևս կազդեն գործունեության արդյունավետության վրա: Իսկ ամենակարևորը, չհանգստանալն իր ազդեցությունն է ունենում մարդու իմացական գործընթացնե րի վրա: Մարդու մոտ հոգնածության դեպքում նկատվում է ցրվածություն, մոռացկոտություն, ստեղծագործականության նվազում, աշխատունակության անկում, որոնք էլ իրենց հերթին առաջ են բերում գործունեության արդյունավետության նվազում», - նշեց հոգեբանը:
Սոնա Հարությունյանն ասաց, որ տևական ժամանակ աշխատելն ազդում է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզակական առողջության վրա: «Անձի մոտ կարող են նկատվել քնի խանգարում, ֆիզիկական գանգատներ և տարբեր մկանային լարվածություններ, որոնք ի հայտ են գալիս ցավային համախտանիշների տեսքով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ուղղակի համաձայնեցնել աշխատանքի և հանգստի ռեժիմները»,- ասաց հոգեբանը` հավելեով, որ մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ պետք է գնան ակտիվ հանգստի, իսկ ֆիզիկական աշխատանքով զբաղվողները` պասիվ: