Արմեն Աշոտյանը հորդորում է ողջ կյանքի ընթացքում սովորել
SocietyՏնտեսության զարգացումն աշխատաշուկայում բերում է նոր կադրերի պահանջին: Դրա հետևանքով կրթության ավանդական մոդելը վերանայման է ենթարկվում: Նման տեսակետ«Արմենպրես» -ի հետ զրույցում արտահայտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Արտասահմանյան մամուլում շատ հաճախ կանխատեսումներ են հրապարակվում, թե ինչ մասնագիտություններ կլինեն պահանջված 10, 20 տարի հետո, և կանխատեսումները ֆանտաստիկ մասնագիտություններ են ենթադրում, որոնք այսօր գոյություն չունեն: Ակնհայտ է, որ տնտեսության զարգացման հետևանքով կրթության ավանդական մոդելը վերանայման է ենթարկվում: Թե ուր է գնալու կրթության մոդելը և’ Հայաստանում, և’ առհասարակ աշխարհում, դեռ ոչ ոք չգիտի»,-նշեց նախարարը:
Արմեն Աշոտյանը վստահ է` շատ կարևոր է երիտասարդ մասնագետների մոտ նորարարական մտածելակերպ ձևավորել, որն այսօր շատ ավելի պահանջված է դառնում, քան դասական գիտելիքները:
«Շատ կարևոր է, որ երիտասարդները սովորեն սովորել ողջ կյանքի ընթացքում: Ակնհայտ է, որ գիտելիքն արագ մաշվում է. այսօր ձեռք բերված հմտությունը վաղը կամ մյուս օրը պետք չի գալու, մարդը պետք է հասկանա, որ ավարտելով բուհը` չի ավարտում իր կրթությունը: Սա է հաջողության բանաձևը և’ Հայաստանի, և’ աշխարհի երիտասարդների համար: Բուհն ավարտելով կրթությունը չի ավարտվելու: Պետք է ողջ կյանքի ընթացքում սովորել: Սա երևի ամենակարևոր բանն է, որ պետք է այսօր հասկանալ»,-ԿԳ նշեց նախարարը:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ մասնագիտությունների առումով նախարարությունը նախորդ տարի հսկայական աշխատանք է կատարել: «Հանրային ուշադրության չարժանացավ , բայց իրականում շատ ավելի կարևոր որոշումներ կայացրինք այս դաշտում: Մենք վերանայեցինք և ընդունեցինք մասնագիտությունների նոր ցանկ Հայաստանում, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային և եվրոպական մասնագիտական ռեեստրին: Նպատակն էր, որպեսզի Հայաստանում տրված որակավորումներն ընկալելի և ճանաչելի լինեն աշխարհում: Սա բերելու է նրան, որ մենք մագիստրատուրայի համակարգում բուհերին հնարավորություն ենք տալիս ներմուծել նոր կրթական ծրագրեր` նախարարության համաձայնությամբ: Բուհերից է կախված, թե որքանով համարժեք կլինեն երկրի սոցիալ- տնտեսական զարգացումներին»,-հավելեց նա:
Արմեն Աշոտյանը փաստում է` նախարարությունը լծված է բուհերն արդիականացնելու, միջազգայնացնելու և հասարակության պահանջները բավարարելու գործին աջակցելուն:
«Ժամանակն է հասկանալ, որ համալսարանները հանրային իստիտուտներ են: Համալսարաններն այլևս պետք է սպասարկեն հասարակությանը, հանրությանը և ոչ թե պետությանը: Այն բուհերը, որոնք դարձել են հիմնադրամներ, հանրային մարմին են, և սա մտածելակերպի փոփոխություն պետք է բերի, որի համար ժամանակ է պետք»,-եզրափակեց նա: