Հունահայ համայնքի ներկայացուցիչները կրթության պատասխանատուի հետ քննարկել են հայկական դպրոցների խնդիրը
SocietyՀունահայ համայնքի ներկայացուցիչները երկրի կրթության եւ կրոնի հարցերով նախարարի տեղակալ Թասուս Գուրագիսի հետ քննարկել են հայկական դպրոցներում հայ ուսուցիչներին պետական բյուջեից աշխատավարձ տրամադրելու եւ դպրոցների առջեւ ծառացած այլ կենսական խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում համայնքից ասացին, որ Գուրագիսը շեշտել է, որ նախարարությունը պատրաստակամ է հոգալու հայկական դպրոցների կարիքները, սակայն երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ դպրոցներում կրճատվել է ուսուցիչների թիվն, ու այժմ նախարարությունը դժվար կացության մեջ է: Փոխնախարարը շեշտել է, որ Հունաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընթացող բանակցությունների հետեւանքով մինչև օրս հազարավոր ուսուցիչների աշխատավարձը վճարված չէ, եւ հարցն օդի մեջ է: Կողմերը որոշել են անընդհատ կապի մեջ լինել, որպեսզի խնդրին տրվի լուծում մինչեւ նոր ո ւսումնական տարվա մեկնարկը:
«Արմենպրես»-ը դեռեւս հուլիսի 4-ին ներկայացրել էր հունահայ համայնքի մտահոգությունն առ այն, որ տնտեսական խնդիրների պատճառով հնարավոր է կրճատվեն նաեւ հայկական դպրոցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումները: Տասնամյակներ շարունակ դպրոցներում հայերենի ուսուցիչներն իրենց աշխատավարձը ստացել են Հունաստանի կառավարությունից, ինչի շնորհիվ հունահայ դպրոցները կարողացել են գոյատեւել, իսկ հունահայ երեխաները սովորել են հայերեն: Այժմ երկրում համատարած կրճատումների հետեւանքով համայնքում մտավախություն ունեն, որ հայ ուսուցիչների տրամադրվելիք գումարն էլ կկրճատվի: