Հայ մասնագետները քննարկել են հանրային առողջապահությանը վերաբերող հարցեր
SocietyՄասնագետների ներգրավվածությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային առողջապահությանը վերաբերող հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնագետները նախարարին են ներկայացրել «Ցորենի ալյուրի հարստա ցման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ իրենց կարծիքներն ու մտահոգությունները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հանրային առողջապահական ծրագրերի հիմքում ոչ թե հիվանդաբուժության, այլ բնակչությանն առողջ պահելու գաղափարն է: Նա շեշտել է, որ հանրային առողջապահությունը ևս գիտություն է` իր օրենքներով, մեթոդաբանությամբ ու ազդեցությամբ։ Հանրային առողջապահական ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ապացուցողական բժշկության, ինչպես նաև մետաանալիզների վրա հիմնված տվյալներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցում բերված չափանիշներով երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հանրային առողջապահության հիմնախնդիր է դիտարկվում, երբ բնակչության շրջանում դրա տարածվածության ցուցանիշը գերազանցում է 5%-ը: Հայաստանի Հանրապետությունում արդեն 3 անգամ` 2000, 2005 եւ 2010 թվականներին, միջազգայնորեն ճանաչված, ողջ աշխարհում կիրառվող մեթոդաբանությամբ իրականացվել են ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել գիտականորեն գնահատելու սակավարյ ունության տարածվածությունը։ Հղի կանանց շրջանում արձանագրվել է 25, իսկ 0-5 տարեկան երեխաների շրջանում` 37 տոկոս սակավարյունություն։
Նախարարի գնահատմամբ` Խորհրդային Միության տարիներին ալյուրի հարստացման մասին վկայող պետական փաստաթղթերի ուսումնասիրումը թույլ կտա գիտնականներին շատ հարցերի շուրջ փոխել հարցադրումները: «Չենք կարող միայն հիվանդաբուժությամբ լուծում տալ առողջապահական խնդիրներին»,- ընդգծել է նախարարը` առաջարկելով հանրային առողջապահական ծրագրերի մասին խոսել միայն գիտական հիմնավորվածությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն անդրադարձել է ծրագրի իրականացման անհրաժեշտությանն ու նպատակներին, ներկայացրել միջազգային փորձը: Նրա խոսքով` ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ հավաքագրվել են հանրային առողջության մասնագետների, ինչպես նաև արտերկրի առաջատար կրթական հաստատությունների անկախ փորձագիտական կարծիքը: Նշվել է, որ ընթացքում նախարարության մասնագետներն ուսումնասիրել են ալյուրի հարստացման մասին նաև աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերի հոդվածները, որոնցում գնահատված են նաև այդ ծրագրերի իրականացման ռիսկերը:
Կարևորվել է բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի շուրջ վստահության մթոնոլորտի ձևավորման, գիտական ներուժի համախմբման անհրաժեշտությունը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկում կազմակերպել առավել մեծ թվով գիտնականների մասնակցությամբ։
Քննարկմանը ներկա են եղել Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիայի նախագահ, կ.գ.դ., պրոֆեսոր, Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բաժնի վարիչ Գևորգ Գևորգյանը, նույն ինսիտիտուտի լաբորատորիաների վարիչներ Վարդան Գասպարյանը և Սոնա Մարդանյանը, ինչպես նաև Եվրառուսական ակադմիայի բնական գիտությունների հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր Գոհար Էլբակյանը։