Թուրք-քրդական բախումը կլինի խոշոր ու չափից դուրս աղետալի
InterviewԹուրքիայում բնակվող քրդերի և տեղի իշխանությունների միջև լարումներն օրեցօր նոր թափ են ստանում: Էրդողանյան կլանի ներկայացուցիչները փորձում են հնարավորինս ճնշել քրդերին Թուրքիայի տարածքում, սակայն իրականացվող բոլոր քայլերն անարդյունավետ ու ապարդյուն են: Թուրք-քրդական հարաբերությունների սրացման և հնարավոր բախման մասին Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:
- Պարոն Շաքարյանց, ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիայի այսօրվա իշխանությունը քրդերի դեմ և ինչ արդյունքի է հասնելու:
-Թուրքիայի նախագահը պատերազմ է հայտարարել ոչ միայն Սիրիայում կամ Իրաքում, այլև Թուրքիայում բնակվող քրդերին: Մենք գիտենք, որ հայտարարվել է, որ Թուրքիայում կրկին կլինեն խորհրդարանական ընտրություններ և պետք է այնպես անել, որ ոչ մի քուրդ չստանա պատգամավորական մանդատ: Այս և մնացած հակաքուրդ քայլերը պետք է հանգեցնեն շատ խոշոր բախման: Թուրքական իշխանությունները պետք է լավ իմանան, որ Թուրքիայի քրդական ջոկատները կապեր ունեն Իրաքի, Սիրիայի քրդերի հետ, որոնք մշտապես պատրաստ են օգնության հասնել: Եթե Թուրքիան սկսի սաստկացնել պատերազմն իր տարածքում բնակվող քրդերի դեմ, ապա, բնականաբար, բոլոր քրդերը միավորվելու են մեկ թշնամու դեմ և ի հեճուկս ԱՄՆ-ի և Իսրայելի, որպես թիրախ ընտրվելու է Թուրքիան, այլ ոչ թե Պարսկաստանը, ինչպես ցանկանում էին ԱՄՆ-ն ու Իսրայելը: Նկատենք, որ այս դեպքում արդեն օգնության կգան նաև Իրանի քրդերը, թեկուզ Իրանի իշխանությունները դեմ են համաքրդական միավորմանը, սակայն այս պարագայում նրանք աչք կփակեն այդ ամենի առաջ:
- Թուրքական բանակը և բնակչությունը և փոքր թիվ չեն կազմում, այս պարագայում ինչի՞ կհանգեն պատերազմող կողմերը:
- Շատ դժվար է ասել, թե որը կլինի հետևանքը, քանի որ պատերազմի ժամանակ ոչ թե տասնյակ հազարավոր, այլ հարյուր հազարավոր զոհեր կլինեն: Պետք է հաշվի առնել այն, որ միայն Թուրքիայում ապրում է 20 միլիոն քուրդ:
-Կարծում եք` Թուրքիան այնքան միամիտ է, որ նախահաշվարկ չի՞ արել կտրուկ հայտարարություններից առաջ:
- Հիշենք 2008 թվականը, երբ Վրաստանի այն ժամանակվա իշխանություններն ամբողջությամբ վստահեցին ամերիկացիներին և հենց այդ վստահությամբ գնացին ու հարձակվեցին Ցխինվալի վրա: Նրանք սպանել էին մի քանի ռուս զինյալ խաղաղապահի և մտածում էին, թե ամեն ինչ հենց այդպես էլ կմնա: Բայց որքան պակասում է ինքնուրույնությունը ցանկացած պետության իշխանությունների կողմից, այդքան մեծանում է կախվածությունը ԱՄՆ-ից: Նույն հիվանդությամբ հիմա տառապում է Էրդողանը նա մտածում է, որ թիկունքում ՆԱՏՕ կա, որը հարկ եղած դեպքում կգա ու կպաշտպանի Թուրքիայի ամբողջականությունը: Փաստացի, Թուրքիան նույն սխալն է գործում ինչ 2008 Վրաստանը և 2014-ին Ուկրաինան: Իսկ հետևանքների մասին կարելի է պատկերացում կազմել՝ տեսնելով վերոնշյալ երկրների ներկայիս վիճակը: Այդ պատերազմում ոչ մի լավ կանխատեսում չի կարելի անել ո'չ Թուրքիայի, ո'չ էլ քրդերի համար:
Սոսե Չանդոյան