Հասարակությունն իրավունք ունի պահանջելու, որ մեր մաքուր ու անաղարտ ընտանիքների ձևավորման գործընթացը պահպանվի.Լյուդմիլա Սարգսյան
InterviewԻնչպես արդեն հայտնել էինք, Վենետիկի հանձնաժողովը ՀՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկել էր փոփոխություն մտցնել 34-րդ և 15-րդ հոդվածներում՝ չսահմանափակելով միասեռականների ամուսնությունները: Ըստ հանձնաժողովի՝ Սահմանադրության նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները կարող են ընկալվել որպես միասեռական ամուսնությունները ճանաչելու իրավական արգելք: 15-րդ հոդվածը վերաբերում է ընտանիքի պաշտպանությանը և ամրագրում, որ ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության տակ: Այսինքն՝ մեր պետության համար ընտանիքը միայն այն մարդկանց միությունն է, որը կարող է բազմացման տանել: Իսկ 34-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:Ըստ հանձնաժողովի՝ «կին և տղամարդ» ձևակերպումը կարող է սահմանափակել միասեռական զույգերի իրավունքները: Փոփոխվող Սահմանադրության և Վենետիկի հանձնաժողովի «մարդասիրական» դրսևորումների մասին Orer.am-ը զրուցեց Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ մեր Սահմանադրությունը լիարժեք գործող է, եթե այն կիրառվի: «Ես կողմ եմ մինչ օրս հնչած քննադատական այն տեսակետներին, որոնք եղել են ՀՀ Սահմանադրության նախագծի հոդված 34-ի վերաբերյալ»,- ասաց նա:
Բացասական գնահատականի արժանացնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկները՝ պատգամավորը նշեց, որ առաջացած խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցին պետք է հստակ դիրքորոշում արտահայտի:
«Կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է իր հստակ դիրքորոշումն արտահայտի այդ հարցի շուրջ, սակայն հասարակությունն իրավունք ունի պահանջելու, որ մեր մաքուր ու անաղարտ ընտանիքների ձևավորման գործընթացը պահպանվի: Ամուսնության հիմքում պետք է լինի ոչ միայն վերարտադրության հարցը, այլև մեր պետության հիմքը, իսկ մենք գիտենք, որ պետության հիմքն ընտանիքն է: Ընտանիքի նկատմամբ վերաբերմունքն առավել քան զգուշավոր ու ազգային պետք է լինի»,- ասաց Լ. Սարգսյանը:
Սոսե Չանդոյան