Գեղարքունիքի մարզում անցկացվեցին ագրոօդերեւութաբանական սպասարկման բարելավման դասընթացներ
SocietyՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունը, համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության աջակցությամբ, ագրոօդերեւութաբանական սպասարկման բարելավման նպատակով արտագնա դասընթաց-քննարկումներ անցկացրեց Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի ԳԱՄԿ տնօրեն Սաշա Մելքոնյանը, ՀՀ ՏԿԱԻՆ մասնագետները դասընթացներ կազմակերպեցին Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների, ֆերմերների եւ շահագրգիռ այլ անձանց համար: Բանախոսների ներկայացմամբ՝ ագրոօդերեւութաբանական դիտարկումներն իրականացվում են ոչ միայն մթնոլորտի, այլ նաեւ հողի ջերմաստիճանի, խոնավության, աշնանացանի թփակալման հանգույցի, ձմեռվա ջերմաստիճանի, ձյան բարձրության, ինչպես նաեւ մշակաբույսերի ֆենոլոգիական բոլոր փուլերի՝ ծաղկումից մինչեւ բերքահավաքի նկատմամբ: Այդ դիտարկումների արդյունքները վերլուծվում են, կազմվում են կանխատեսումներ եւ տրամադրվում գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցներին, մասնագետներին, ֆերմերներին՝ իրենց գյուղատնտեսական աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով:
«Առավել կայուն բերք ապահովելու համար ՀՀ ՏԿԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը վերջին տարիներին կիրառում է նաեւ արբանյակային տեղեկատվության նորարական տեխնոլոգիան: Դասընթացի ավարտին մասնակիցներին անվճար բաժանվեցին անձրեւաչափեր: Դրանց կիրառմամբ ֆերմերները կունենան քանակական գնահատման հնարավորություն եւ իրենց հողատարածքներում տեղացած անձրեւի քանակը որոշելուց զատ, հստակ տվյալներ կհաղորդեն նաեւ տարածաշրջանում գործող հիդրոմետ ծառայություններին: Արդյունքում եւ ֆերմերը, եւ հիդրոմետ ծառայությունը, ունենալով կոնկ րետ դաշտի խոնավության տվյալներ, առավել ռեալ վերլուծություն կկատարեն՝ ի նպաստ մշակաբույսերի աճի, զարգացման եւ դրանց մշակման»,-նշեց ՀՀ ՏԿԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա ներկայացրեց նաեւ Գեղարքունիքի մարզում առաջիկա օրերին սպասվող եղանակի տեսությունը:
Խոսրով Խլղաթյան