Սյունիքի մարզպետի եղբոր եւ զարմիկի մեղադրանք չի խստացվել. փաստաբան
SocietyNews.am-ը գրում է.
Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող մարզպետի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի եւ զարմիկի՝ Էյներ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել, առաջդրվաշ մեղադրանքն էլ չի խստացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբանը՝ Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
Նա նշեց, որ մեղադրանքը խստացնելու եւ խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ գործով վերահսկող դատախազի միջնորդության մասին իրենք տեղյակ չեն: Իսկ այս ընթացքում որեւէ նոր գործողություն իր պաշտպանյալների մասնակցությամբ չի եղել, օրինակ՝ հարցաքննություն, առերեսում կամ որեւէ փորձաքննություն:
Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։
Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի քանի անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից, օրինակ՝ մարզպետի եղբայր, զարմիկ։ Մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն էլ կալանավորված է: Հետախուզման մեջ է Սուրիկ Խաչատրյանի զարմիկը, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով:
2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։