Ի՞նչ զարգացում կունենան ռուս-թուրքական լարումները, եւ ո՞վ ավելի շատ կտուժի
InterviewՕրերս լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոտ է կանչել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանին և նախատել: Այն, թե ինչի կհանգեցնեն ռուս-թուրքական հարաբերությունների լարումները, Orer.am-ը փորձեց հասկանալ՝ զրուցելով քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:
Վերջինիս խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև թուրք ամերիկյան հարաբերությունները, բազմաշերտ են: Եթե ինչ-որ ոլորտում նկատվում են սրացումներ, ապա մյուս ոլորտներում այդ պետությունների միջև սրացումներ կարող են չլինել: Այս ամենի պատճառը, ըստ քաղաքագետի, Էրդողանն է, ով պատերազմ է հրահրել քրդերի դեմ, քանի որ նրա վերջին հայտարարությունը վերաբերում էր ողջ Արևելյան տարածաշրջանին: Բնականաբար Ռուսաստանը սկսել է մտածել իր շահերի մասին: «Ես հավատում եմ տարածված այն լուրերին, որ Պուտինն այս ամենի հետ կապված շատ կոշտ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Ըստ ամենայնի, նրանք իրար չեն հասկացել և նրանցից յուրաքանչյուրը մնացել է իր դիրքորոշմանը: Այս դեպքում ռուս-թուրքական հարաբերությունները կարող են դանդաղ զարգանալ»,- կարծիք հայտնեց Շաքարյանցը:
Քաղաքագետը զուգահեռներ անցկացրեց նաև հայ-թուրքական հարաբերությունների ու անարդյունավետ արձանագրությունների միջև: «Հայ-թուրքական հարաբերությունները, որոնք կազմվեցին ԱՄՆ-ի ճնշման ներքո, տարեսկզբին խորհրդարանից հետ կանչվեցին նախագահի կողմից , այսինքն՝ այս քայլով մեր իշխանությունները հասկացնել են տվել ոչ միայն Թուրքիային , այլև Արևմտյան հովանավորներին, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը խափանված է Թուրքիայի պատճառով: Իսկ հիմա նույնը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում: Չնայած գազի վերաբերյալ թղթերն Անկարայում են, բայց զգացվում է, որ Ռուսաստանը հույս չունի, որ Թուրքիան շատ արագ կերպով կարձագանքի ու հավանություն կտա այդ ամենին: Այս ամենի հետ մեկտեղ` վերջերս Լավրովի կողմից արվեց հայտարարություն հակաահաբեկչական պայքար սկսելու համար, իսկ մենք գիտենք, որ պրակտիկորեն դրանք ֆինանսավորվում ու ղեկավարվում են Պարսից ծոցի արաբական երկրների և Թուրքիայի կողմից»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ աշխարհն արդեն տեղյակ է, որ վերջին մեկ տարվա ահաբեկչական գործողությունները, պատերազմները` Սիրիայում, Լիբիայում, Եմենում և այլուր, ԱՄՆ-ի և Իսրաելի ծրագիրն է և Թուրքիան ու Սաուդիան Արաբիան դրանց կամակատարներն են: Այս ֆոնի վրա, ըստ քաղաքագետի, Ռուսաստանի հետ սրացումները կարող են հանգեցնել Թուրքիայի համար վատ զարգացումների: Եթե սրացումներ լինեն, ապա և' Պարսկաստանը, և' Ռուսաստանը կհիշեն իրենց հին կապերը քրդական համայնքների հետ, և թուրք-քրդական պատերազմը, բնաականաբար, միայն կսաստկանա:
Սոսե Չանդոյան