Օձունի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքը մասնագետները որակյալ են համարում
SocietyՕձուն համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները նորմալ կատարվել են, եկեղեցին վերանորոգված է: «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը` անդրադառնալով «Օձուն» տեղեկատվական կենտրոն կոչվող կազմակերպության մեղադրանքների ն: Համայնքում «Օձուն» տեղեկատվական կենտրոնի մասին չեն լսել: «Իմ տեղեկությամբ` նման կազմակերպություն չկա»,-նշեց Տիտանյանը` տեղեկացնելով, որ այս պահին Օձուն համայնքում 5600 գրանցված բնակիչ կա, և ինքը տեղյակ չէ` արդյոք նման կազմակերպություն 5000 ստորագրություն հավաքե՞լ է` պահանջելով պաշտոնանկ անել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և փոխնախարար Արև Սամուելյանին «խայտառակ վերաբերմունքի համար»:
Վերականգնող ճարտարապետ, գիտամեթոդական խմբի անդամ Գայանե Նազլուխանյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքներին: «Վերականգնման ընթացքում խոչընդոտների չենք հանդիպել, շինարարը շատ փորձառու էր, մեր լավագույն շինարարներից մեկն էր: Շատ որակյալ աշխատանք է կատարվել, մեր լավագույն վերականգնման աշխատանքներից է եղել»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
«Լևբուկ» ընկերության տնօրեն, շինարար Լևիկ Ղուկասյանն իր կատարած աշխատանքի մասին սխալ է համարում գնահատական հայտնել: «Գնահատականը ժամանակը կտա: Ես իմ աշխատանքի ընթացքում լոռեցիներից որևէ դժգոհություն կամ անհամաձայնություն չեմ նկատել: Պայմանագիրը կնքելուց և թույլտվություն ստանալուց հետո ամեն ինչ շատ նորմալ է ընթացել»,-հավաստիացրեց նա:
«Օձուն» տեղեկատվական կենտրոնն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ նամակ-խնդրագիր է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որի տակ ստորագրությունն են դրել մոտ 5000 լոռեցիներ: «Չնայած մշակույթի նախարարության տարածած անհամոզիչ ու չփաստարկված «պարզաբանումներին», բարերարը պնդում էր, որ նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին: «Ծանոթության» այլընտրանքը նմանատիպ դեպքերում, հավանաբար, կաշառքն է լինում: Աբսուրդը մեր երկրում հասել է ծայրահեղ աստիճանի: Ակնհայտ է, որ բարերա րը, ով մի քանի տարի առաջ պատրաստվում էր Հայաստանում այլ վանքեր ևս վերականգնել, սահմանափակվել է միայն Օձունով այդ խնդիրների պատճառով: Պահանջում ենք պաշտոնանկ անել մշակույթի նախարար՝ մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պահպանության համար պատասխանատու նրա տեղակալ Արև Սամուելյանին այս խայտառակ վերաբերմունքի համար»,- ասված էր հայտարարության մեջ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ նախարարությունը բարձր է գնահատում Օձուն համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները: Նա նաև հավելել էր, որ «Օձուն» տեղեկատվական կենտրոն կազմակերպության մասին երբևէ չի լսել:
«Խոսակցությունները կարծես թե վերականգնման ընթացքին որևէ ձևով չեն վերաբերում և չեն էլ կարող: Եթե մասնագիտական հարց լինի, թե ես, թե մեր մասնագիտական խումբը պատրաստ ենք պատասխանել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ աննախադեպ ներդրումային ծրագիր է իրականացվել, շուրջ 300 միլիոն դրամ է ծախսել բարերարը, մենք շնորհակալ ենք նրան աշխատանքի համար: Հարց է ծագում` ո՞ւմ է ձեռնտու այս անհիմն խոսակցությունը»,-նշեց Սամուելյանը` հավելելով, որ նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտել` ավելին, աջակցել է:
«Վերականգնումն ամբողջ աշխարհում կարևոր գործընթաց է: Երբևիցե ընթացքում չի եղել անհանգստություն, հիմա ավարտվել է, ասում են` կարո՞ղ է խոչընդոտել են: Ո՞ւր են ապացույցները, որ խոչընդոտել են, հակառակ ապացույցներ կարող ենք բերել` երբ թույլտվության համար դիմել են, արագ ստացել են այն»,-ընդգծել էր նախարարի տեղակալը: