Վրանային հոգևոր ճամաբարն ավարտեց իր գործառույթը
SocietyՇիրակի Թեմի «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդաց միության, թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Գյումրու ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված վրանային հոգևոր ճամաբարն ավարտեց իր գործառույթը: Խարույկ, հոգևոր վերջին զրույց ու մեկնում, բայց հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով: Օգոստոսի 5-9-ը կազմակեպված ճամբարը գործեց Սևանի Վազգենյան ճեմարանի տարածքում: Հոգևոր ճամբարի մասնակիցները հնարավորություն ստացան այս օրերի ընթացքում ոչ միայն իրենց ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլ նաև մասնակցել ժամերգությունների ու պատարագների, լսել հոգևոր զրույցներ, ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ծեսերին ու տոներին: Ճամբարը նախատեսված էր 15-35 տարեկան բոլոր ցանկացողների համար: Նախապես սահմանված էր 60 տեղ, սակայն, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Յոթ Վերք» երիտասարդաց միության խորհրդի անդամ Հայկարամ Դրմեյանը, հաշվի առնելով ցանկացողների թիվը՝ այն հասավ 65-ի:
Նմանատիպ հոգևոր ճամբար անցկացվում է արդեն երրորդ տարին, բայց առաջին անգամ էր, որ երիտասարդներին աջակցում է Գյումրու քաղաքապետարանը. Գյումրու ավագանու որոշմամբ 400.000 դրամ հատկացրեց հոգևոր երիտասարդական վրանային ճամբարի կազմակերպման և ծրագրի իրականացման համար: «Այս անգամ մեզ աջակցեց նաև ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը, ով նվիրեց 8 վրան: Ի դեպ, ճամբարականներին պարբերաբար հյուր էին գալիս ու իրենց հոգևոր զրույցներով մեր ժամանցը լրացնում հոգևոր հայրեր, իսկ ամենահետաքրքիրն առավոտյան և երեկոյան ժ ամերգություններին մասնակցելն էր: Հուսով եմ, հաջորդ տարի ևս կկազմակերպենք նմանատիպ ճամբար, բայց արդեն մասնակիցների ավելի մեծ թվով»,- հավելեց Հայկարամ Դրմեյանը:
Արմենուհի Մխոյան