Թուրքիայի միակ հայկական գյուղում պատրաստվում են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին
SocietyԹուրքիայի հայկական միակ գյուղը՝ Վաքըֆլըն, որը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կորցրեց գյուղի կարգավիճակը և այժմ համարվում է թաղամաս, պատրաստվում է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս պարբերականը:
Վաքըֆլըի նախկին գյուղապետ Բերչ Քարթունը հույս է հայտնել, որ տոնակատարության ժամանակ իրենց գյուղը շատ այցելուներ կունենա: «Հրավիրում ենք մեր բոլոր ընկներներին կիսելու մեր ոգևորությունը»,- նշել է նա:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ժամանակ Վաքըֆլըում ելույթ կունենա Ստամբուլի «Ոմանք» խումբը, տեղի արվեստագետները, երիտասարդական երգչախումբը, ինչպես նաև կհնչի դհոլ-զուռնա: Ներկաները կպարեն հայկական ազգային պարեր:
Օգոստոսի 16-ին Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է կամ ինչպես ժողովրդի մեջ է ընդունված Խաղաղօրհնեքի տոնը: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը`օգոստոսի 12-18-ը։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ավարտին կատարվում է խաղողի օրհնություն: