Փոքր Մասրիկը տարեվերջին կունենա ինքնահոս խմելու ջրի անխափան մատակարարում
Society:Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում խմելու ջուրը տարիներ շարունակ մատակարարվում է խորքային հորից, 2-3 օրը մեկ հաճախականությամբ: Գյուղում խմելու ջրի մատակարարման խնդրի կարգավորման համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում հատկացվել է 29 միլիոն դրամ, որով նախատեսվում է կառուցել եւ ավարտին հասցնել մոտ 3 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը, ջրատարի արտաքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 5,7 կիլոմետր, որից 2,7 կիլոմետրը նախորդ տարիների ընթացքում կառուցվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության եւ պետբյուջեի կողմից տրամադրված միջոցներով: Մնացած 3 կիլոմետրը կառուցելու դեպքում արդեն Փոքր Մասրիկը կունենա խմելու մշտական ջուր եւ կանոնավոր ջրամատակարարում:
«Արտաքին ջրատար ցանցը կառուցված է պոլիէթիլենային 160 միլիմետր տրամագիծ ունեցող խողովակներով: Աղբյուրի հզորությունը միանգամայն բավարար է կանոնավոր ջրամատակարարում ունենալու համար: Ներքին ցանցը շատ բարվոք վիճակում չէ, սակայն առայժմ կարող է ծառայել իր նպատակին: Մնում է հուսալ, որ մինչեւ տարեվերջ տասնամյակներով սպասված ջուրը մուտք կգործի գյուղի բնակարաններ: Տեղանքը քարքարոտ չէ, շինարարները կարող են սահմանված ժամկետներում ավարտել իրենց գործը»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան