Մայր Աթոռը մեկնաբանում է Դերսիմից և Տիգրանակերտից ժամանած հայերին չմկրտելու պատճառը
SocietyՀայ Առաքելական եկեղեցու ավազանում մկրտվելու իրավունք ունեն ազգությամբ հայերը կամ հայերի հետ ամուսնացածները: Թուրքիայում բնակվող հայերը Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու համար պետք է ներկայացնեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաստատումը, որ իրենք հայ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր Աթոռ Ս ուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը` անդրադառնալով նրան, որ Հայաստանում հրաժարվել են մկրտել Դերսիմից ու Տիգրանակերտից ժամանած հայերի: «Կանոնական առումով նրանք պատկանում են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին, իրենք պետք է դիմեն պատրիարքարան, փաստաթղթի տեսքով ստանան հաստատում, որ իրենք հայ են, անցնեն որոշակի պատրաստություն, այնուհետև մկրտվեն Հայ Առաքելական եկեղեցում»,-հայտնեց Հայր Զաքարիան` ավելացնելով, որ նշյալ մարդիկ պատրիարքարանի կողմից հաստատում չեն ունեցել:
Նրա խոսքով` խնդիրը լուրջ է, քանի որ հոգևոր անվտանգության հարց է առաջանում: «Թուրքական անձնագրերում նշվում է նրանց կրոնական պատկանելությունը, մարդը կարող է Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելուց հետո իր թուրքական անձնագրում մնալ մահմեդական»,-նշեց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Մկրտությունը ձևական արարողություն չէ, այն կարևոր արարողակարգ է Հայ եկեղեցու կյանքում»,-ավելացրեց Հայր Զաքարիան:
Օգոստոսի 11-ին կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի մկրտելՀամահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Թուրքիայի Դերսիմ նահանգից Երևան եկած երկու ծպտյալ հայուհու ևՏիգրանակերտից ժամանած մեկ ծպտյալ հայորդու։ Տիգրանակերտցի Էրդալ Մերջանը նշել է, որ Հայաստանում մկրտվելու միջոցով կարող է թուրքական դատարան դիմել և վերականգնել իր հայ լինելը: Նա ասել է, որ ինքը դեռ փոքրուց իմացել է, որ հայ է, սակայն, չի իմացել, որ հայը ամբողջ ազգ է, այլ ոչ թե կրոն: