Անդրանիկ Նիկողոսյանը գլուխը Պուտինի պատովն է տվել
InterviewՊարզվում է՝ Հայաստանն այսօր ապրում է այնպիսի ժամանակներ, երբ Անդրանիկ Նիկողոսյանի նմանները կարող են խոսել այնպիսի կարևոր արժեքի մասին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք, իհարկե, չէինք անդրադառնա հանրությանն անհայտ ինչ-որ երիտասարդի հայտարարությանը, իսկ ավելի կոնկրետ՝ հակահայ ցնդաբանություններին, եթե այն չվերաբերեր հայ-ռուսական հարաբերություններում խժդժություն մտցնելու փորձին: Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի հետ:
- Պարոն Ռուբինյան, տեղյա՞կ եք Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությանը, որում ասվում էր, թե Հայաստանը ընդգրկվի Ռուսաստանի կազմում:
- Ի՞նչ է նրա անունը:
-Անդրանիկ Նիկողոսյան:
- Անդրանիկ Նիկողոսյանը գլուխը Պուտինի պատովն է տվել:
-Եթե Հայաստանի ներկայիս վիճակն ու իշխանությունների քայլերը ճիշտ գնահատենք, ապա արդյո՞ք վերոնշյալ անձի ասածը մոտ ժամանակներս իրականություն չի դառնա:
-Կարծում եմ՝ Պուտինի պլանները որևէ մեկի համար արդեն գաղտնիք չեն: Նա քնում և երազում է իր հայրենիքը` Խորհրդային Միությունը, դրա վերականգնումը: Այն, որ նա մոլագարի պես շարունակում է իր պլանների իրականացման ուղղությամբ գնալ, փաստ է: Այն, որ Հայաստանի իշխանությունները խորհրդային տարիների վատ ավանդույթների շարունակողն են այն իմաստով, որ Կրեմլը նրանց համար վերին ատյան էր, դա ևս փաստ է: Կհաջողվի՞ մեր իշխանություններին դա անել, թե՞ ոչ, այլ հարց է: Համոզված եմ, որ չի հաջողվի, որովհետև Ռուսաստանն իր ցնդաբանական նախագծերով գնում է կործանման: Ասեմ, որ Ռուսաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրան է հարկավոր պատրաստ լինել, այլ ոչ թե ցնդաբանական լուծումներին: Փոփոխություն ասելով նկատի ունեմ ֆաշիստական ռեժիմի փոփոխությունը:
-Եթե Ռուսաստանում իշխանությունը փոխվի, այս ֆոնի վրա Հայաստանում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան: Արդյո՞ք Հայաստանը կսկսի առավել ազատ լինել իր քաղաքական, տնտեսական դրսևորումներում և մեր երկիրն ավելի պաշտպանված կլինի թշնամի հարևաններից:
-Եթե Ռուսաստանում իշխանությունը փոխվի, ապա ոչինչ երաշխավորված չէ, որովհետև անխուսափելի կլինեն անցումային ժամանակները տվյալ երկրում և Հարավային Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք այդ իրավիճակին: Իսկ ինչ վերաբերվում է մեր ներքին փոփոխություններին` տնտեսական, ժողովրդավարական, ապա դրանք մենք, այսպես թե այնպես, պետք է լուծենք:
-Հայաստանն ունակ կլինի՞ միայնակ պայքարել արտաքին թշնամիների դեմ:
-Ունակ լինենք, թե չլինենք, պետք է պաշտպանենք մեր երկիրը: Դա մեր գոյատևման խնդիրն է:
Սոսե Չանդոյան