Ցեղասպանության ականատես Սիլվարդ Ատաջյանը բժշկական հետազոտության է ենթարկվել
SocietyՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության ակատաես-վերապրածներին բժշկական օգնության և սպասարկում տրամադրելու աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, օգոստոսի 12-ին Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած, 103-ամյա Սիլվարդ Ատաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Չարչյանի անմիջական հսկողությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, մասնավորապես, ներքին օրգանների ուլտրաձայնային, կոնքազդրային հոդերի ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական քննություն:
2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Սիլվարդ Ատաջյանը ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում: Բարեհաջող անցած վիրահատությունից հետո, այժմ տարեց կինը գանգատվում էր վիրահատված ոտքի ցավերից: Սիլվարդ Ատաջյանին հետազոտությունների և բուժման ընթացքին տեղում ծանոթացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգելու նպատակով, 2015թ. մարտին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր խորհուրդ, որն այս ընթացքում պարբերաբար բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում ականատես-վերապրածներին:
Երևանի և մարզերի ականատես-վերապրածներին, ըստ հետազոտությունների արդյունքների, տրամադրվում են բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ: Բժշկական օգնության կարիք ունեցողները գտնվում են մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և շարունակական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055-05-86-26 շուրջօրյա հեռախոսահամարը: