Դամասկոսի նոր ռմբակոծությունից հայեր չեն տուժել
SocietyԴամասկոսում օգոստոսի 12-ի ռմբակոծության հետևանքով տուժածների թվում, բարեբախտաբար, հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսի մեր աղբյուրը` նշելով, որ վաղ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ուժգին գնդակոծության տարափ է սկսվել Դամասկոսի բնակելի թաղամասերի ուղղությամբ, որը շարունակվել է մոտավորապես մինչև ժամը 11-ը: Աղբյուրը նաև նշեց, որ զոհերի թիվը հասել է 12-ի, իսկ վիրավորներինը` 70-ի: ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` ռմբակոծությունների հետևանքով 5 մարդ զոհվել, ևս 55-ը վիրավորվել է:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ ռումբերն ընկել են Կասաա, Բաբ Թումա, Մզզե 86, Աբու Ռումանա թաղամասերում, ինչպես նաև ռուսական դեսպանատան մերձակայում, Մազրաա, Բարամքե շրջաններում, Բաղդադ փողոցում, Ջիսր Ռայիսի մերձակայքում և այլուր:
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին սիրիական օդային ուժերը ռմբակոծել են Դամասկոսի արևելյան ծայրամասերում ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող շրջանները: Ռմբակոծության հետևանքով 31 մարդ է զոհվել: Մասնավորապես ռմբակոծվել են Արևելյան Ղուտայի շրջանները, որոնք գտնվում են ընդդիմադիրների ձեռքում: Վիրավորվել է ևս 120 մարդ: Գիշերվա ընթացքում թեժ մարտեր են սկսվել կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջև:
Սիրիայում ավելի քան չորս տարի շարունակվող բախումների զոհ է դարձել, ՄԱԿ-ի տվյալներով, 220 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100-ը: