Գեղարքունիքում անասնակերի պակասը լրացվում է այլ մարզերից կատարվող ներկրումներով
SocietyԳեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են հացահատիկի եւ անասնակերի բերքահավաքի աշխատանքները, որոնց արդյունքները դեռևս սպասվածից անբավարար են:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհա ննիսյանը, օգոստոսի 12-ի դրությամբ արդեն հնձվում են բարձրլեռնային հատվածներում գտնվող խոտհարքերը, որտեղ եւս գրանցվում է չափազանց նվազ բերքատվություն` 1 հեկտարից մինչեւ 500 կիլոգրամ: Իսկ չոր եղանակի պատճառով տարածքների մի մասն էլ ենթակա չի եղել հնձման:
«Մեկուկես ամիս ընթացող բերքահավաքի ժամանակ հնարավոր է եղել կուտակել մինչեւ 70 հազար տոննա անասնակեր: Անասնագլխաքանակի պահպանման համար անհրաժեշտ պահանջարկի մոտ 50 տոկոսը հնարավոր կլինի կուտակել, սակայն մնացած 50 տոկոսը հարկ կլինի ներկրել Հայաստանի այլ մարզերից, ինչը եւ տնտեսություններն անում են այս պահին: Անասնակերը ներկրվում է Արարատյան դաշտավայրից, Արցախից, Տավուշից: Մարդիկ անում են հնարավորը, որ կարողանան անհրաժեշտ քանակի անասնակեր ապահովել: Վատն այն է նաեւ, որ հացահատիկի ցողունի կարճության պատճառով ծղոտը կուտակվում է աննշան քանակությամբ»,-նշեց գյուղվարչության պետը: Նույն աղբյուրի համաձայն` օգոստոսի 12-ի դրությամբ Գեղարքունիքում հնձվել են մոտ 15 հազար հեկտար հացահատիկի արտեր: Գարու արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 9, ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 13 ցենտներ: Համեմատաբար բարձր բերքատվություն ապահովել են ցորենի ջրովի արտերը` կազմելով 20-25 ցենտներ մեկ հեկտարից:
Խոսրով Խլղաթյան