«Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալների համար նկարչության վարպետության դաս է անցկացվել
SocietyՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է վերականգնողական ծրագրերի զարգացման միջազգային լավագույն փորձի ներդրմանն ուղղված աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության աջակցությամբ օգոստոսի 12-13-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նկարչուհի Վիկտորյա Լոմասկոյի կողմից կին դատապարտյալների համար անցկացվել է նկարչության վարպետաց դաս:
Վիկտորյա Լոմասկոն ՌԴ «Քրեական արդարադատության բարեփոխումների» կենտրոնի հետ համատեղ վերականգնողական և կրթական ծրագրեր է իրականացնում ՌԴ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում և անչափահասների համար նախատեսված հաստատություններում:
Վարպետաց դասի ընթացքում կին դատապարտյալները նկարչուհու առաջարկով նկարված դիմանկարների, բնանկարների և նատյուրմորտի վերլուծություն են կատարել: Այն ուղղված է եղել մասնակիցների մտածողության վերաարժևորմանը, ապրումակցման ձևավորմանը, նկարչությունը՝ որպես անձնային վերասոցիալականացման միջոց կիրառելուն:
Վիկտորյա Լոմասկոն դասընթացի մասնակիցներին է ներկայացրել նաև հայտնի նկարիչների ստեղծագործություններն ու քննարկում կազմակերպել մի շարք կտավների վերաբերյալ:
Միջոցառումը համատեղ ծրագրի առաջին քայլն է, որը նախատեսում է հետագա համագործակցություն և նոր ծրագրերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում: