Երևանում հեռարձակվող հեռուստաալիքներն այժմ հասանելի են Հայաստանի բնակավայրերի 24,1 տոկոսում
SocietyՆախկինում միայն Երևանում հեռարձակվող 18 հեռուստաալիք այժմ հասանելի են Հայաստանի բնակավայրերի 24,1 տոկոսում: Ինչպես օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՌԱՀ նախկին նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը, ըստ էության` 18 ալիքներն այսօր դիտում է Արարատյան դաշտի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի բնակիչների մի մասը: «Թվային հեռուստատեսությանշնորհիվ մարզերում նախկին 9-ի փոխարեն բնակչությանը հասանելի է դառնում 18 ալիք: Բնակչության շրջանում թյուր կարծիք է շրջանառվում, թե հետաձգվել են թվային հեռարձակման իրագործման ժամկետները: Հակառակը՝ հետաձգվել են անալոգային հեռարձակման դադարեցման ժամկետները», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Գրիգոր Ամալյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենը հավելեց, որ թվային հեռուստատեսությունը հեռուստաընկերություններին թույլ կտա ստեղծագործական մոտեցմամբ նոր մտահղացումներ իրականացնել` ավելի գրավիչ և հետաքրքիր հաղորդումներ արտադրելու, մյուս կողմից` հեռուստադիտողը հնարավորություն կունենա ավելի նախընտրելի տեսքով դիտել հեռուստահաղորդումները:
«Հույս ունեմ, որ հայկական հեռուստաընկերություններն արագ կադապտացնեն իրենց սարքավորուները թվային համակարգին և իրենց ծրագրերը կդարձնեն ինտերակտիվ, ինչից կշահեն ինչպես հեռուստադիտողները, այնպես էլ հեռուստաընկերությունները», - նկատեց Գրիգոր Ամալյանը:
ՀՌԱՀ նախկին նախագահը մանրամասնեց, որ Հայաստանում թվային հեռարձակումը տեղի է ունենում 212 թվային հեռուստակայաններից, որոնցից թվային ազդանշաններն ուղարկվում են երկու այլընտրանքային ճանապարհով՝ օպտիկամանրաթելային կապը Երևանից մինչև մարզային առանձնացված թվային 64 կայան, մնացած կայաններ հեռարձակումը հասցվում է արբանյակային հեռարձակման միջոցով: ՀՀ բնակավայրերի 99,9 տոկոսն արդեն թվային ծածկույթում են, իսկ ըստ բնակչության հասանելիությունը կազմում է 97,3 տոկոս: