Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ գրոհ մարդու իրավունքների դեմ
SocietyԲողոքի մեծ ալիք բարձրացրած, իշխող կուսակցության հերթական ծուղակի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, Orer.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, իրավաբան Տիգրան Սարգսյանի տեսակետը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հիմնական նպատակն ի սկզբանե եղել է իշխանության ընդարձակումը սահմանափակելը, սակայն, «եթե փոփոխությունները նախաձեռնում են իշխանությունները, միանշանակ է, որ դրա նպատակը իրենց իշխանությունն ընդլայնելն է»:
Ըստ Տ. Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագծում կան շատ ռիսկային եւ վտանգավոր դրույթներ, «բարեփոխումները գրոհ են մարդու իրավունքների դեմ»: Մարդու իրավունքների դեմ գրոհից անցում կատարելով կառավարման կարգի փոփոխությանը եւ պետական արդյունավետ կառավարման խնդրին՝ իրավաբանը ասաց, որ Հայաստանում պետական արդյունավետ կառավարում չի կարող լինել, եթե չկա իշխանության երեք թևերից՝ օրենսդիր, գործադիր, դատական, առավել բարձր կանգնած պետության գլխի` նախագահի, ինստիտուտը: Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով պետության գլխին հատուկ հատկանիշները տրված են վարչապետին, որը գործադիր իշխանության ղեկավարն է: Ըստ իրավաբանի՝ նման ձեւակերպման արդյունքում խախտվում է պետական իշխանության տարանջատման սկզբունքը:
«Իշխանության երեք թևերն այլևս չեն կարղ ընկալվել հավասար»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ եթե մենք չունենք խորհրդարան, օրենսդիր մարմին, ինչպե՞ս ենք անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի: «Բանն այն է, որ, ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների 90%-ը գալիս է կառավարությունից, ինչն էլ նշանակում է, որ օրենսդիր մարմինը ՀՀ-ում կառավարությունն է: Բացի այդ, Հայաստանում անցկացված ընտրությունները ցույց են տալիս, որ որևէ քաղաքական ուժ 30%-ից ավելի ձայն չի հավաքել, ինչը նշանակում է, որ նախագծով նախատեսված երկրորդ փուլն անխուսափելի է դառնալու»,- խոսքը եզրափակեց իրավաբան Տիգրան Սարգսյանը:
Սոսե Չանդոյան