Փաստաբանը միջնորդություն կներկայացնի Համալիրը արգելանքի տակ դնելու պահանջով
SocietyԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ դեռ չի ավարտվել շենքի վաճառքի հետ կապված դատական գործը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը: Orer.am-ն այս հարցի վերաբերյալ զրուցեց իրավաբան Տիգրան Սարգսյանի հետ: Իրավաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում դատարանն է որոշում՝ արդյո՞ք կարող է վաճառվել, թե՞ ոչ: «Այստեղ խնդիրը վերաբերում է նրան, թե արդյոք կա՞ դատարանի կողմից վաճառքի թույլտվություն, թե ոչ: Եթե դատական վեճեր կան՝ կապված որևէ անշարժ գույքի հետ, կողմերից մեկը կարող է միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատարանը արգելանքի տակ դնի գույքը մինչև դատական գործի ավարտը: Պետք է գործն ուսումնասիրել, արդյոք այդպիսի միջնորդություն եղե՞լ է, թեոչ: Միգուցե չի եղել կամ եղել է ու դատարանի կողմից մերժվել է»,- ասաց նա:
Orer.am-ը կապ հաստատեց նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի հետ՝ ճշտելու արդյո՞ք միջնորդություն ներկայացվել է Համալիրը արգելանքի տակ վերցնելու պահանջով: Վերջինս պատասխանեց, որ միջնորդություն ներկայացվել է դեռ անցած տարի, երբ նոր էր հայց ներկայացվել: «Միջնորդություն դեռ անցած տարվա սեպտեմբերին է ներկայացվել, սակայն դատարանը մերժել է: Բայց հիմա, քանի որ ռեալ օտարելու խնդիր կա և կա նախագիծ կառավարության որոշմամբ, իմ կողմից երկուշաբթի նորից միջնորդություն կներկայացնենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը արգելանքի տակ առնելու պահանջով, սակայն մեծ հույսեր չունենք, որ կբավարարվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ընկերությունը պատրաստվում է համալիրի հարակից տարածքում ժամանցի կենտրոն կառուցել, որն ընդգրկելու է հյուրանոց, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ ու խաղատուն:
Նշենք նաև, որ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում 1 տարուց ավելի է, ինչ վիճարկվում է և վերջնական դատական ակտ չի կայացվել կառավարության և ԴԱՀԿ-ի միջև կնքված գույքը հանձնելու վերաբերյալ պայմանագիրը՝ բազմաթիվ կետերով:
Անժելա Պողոսյան