Մայր Աթոռում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատացյալներին
SocietyՀայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին օգոստոսի 16-ին մեծ շուքով նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման բերկրառատ տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, բարերարների եւ ուխտավոր հավատացյալների, մատուցվել է Ս. Պատարագ: Պատար ագիչն է եղել Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծել է, որ սերը, հնազանդությունը, հեզությունը եւ խոնարհությունն այն առաքինություններն են, որոնք փոխել են, փոխում են եւ պիտի փոխեն այս աշխարհը` դարձնելով այն առավել բարի եւ օրհնաբեր: ««Եւ այսօր մենք էլ` որպես Նրա աշակերտները, խոսք ենք լսում մեր Տիրոջից, որ ասում է. «Ահա քո Մայրը»: Սրբացնող եւ սրբարար այս խորանից տեսնում եմ այս աստվածակառույց տաճարը` լեցուն բազում մայրերով, որոնց հավատարմության, սրբության, հեզության, խոնարհության եւ հնազանդության օրինակն Աստվածամայր Ս. Կույսն է: Մեզ համար մայր է ոչ միայն Ս. Աստվածածինը, այլեւ այն սուրբ երկիրը, որտեղ մենք ապրում ենք եւ որից ուժ, եռանդ ու հոգի ենք ստանում: Մայր է մեզ համար այն եկեղեցին, որի Ս. Ավազանից ծնվելով` անդամագրվում ենք Քրիստոսի Եկեղեցուն: Մայր է նաեւ Միածնաէջ այս Տաճարը, որի Ավագ Ս. Խորանը Տիրամորն է նվիրված: Սուրբ Կույսի կյանքի օրերը դեռեւս նոր էին սկսվել, երբ ընծայվեց տաճարին, նոր էր Նա ճաշակել դեռատության քաղցրությունը, երբ դրան փոխարինեց մայրության բերկրանքին սպասելու օրհնաբեր ավետիսը: Այսօր, սիրելինե՛ր, Աստվածամայրը մեզ հետ չե, այլ Նրա կենդանի օ րինակն է մեզ հետ, եւ Նրա բարեխոսությունը` որպես բոլոր քրիստոնյաների մայր»,- նշել է Մուշեղ Սրբազանը:
Հավարտ սրբազան արարողության` Ս. Տրդատի բաց խորանում կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը, որի ժամանակ շարականի երգեցողությունից հետո ընթերցվել է օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, ապա Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:
Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվել են հավատացյալներին: