Այսօրվա երիտասարդները աստվածապաշտ են ու Հայ Առաքելական եկեղեցու իսկական հետեւորդ (լուսանկարներ)
InterviewԱյսօր, ինչպես առաքելական բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Նոր Նորքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո տեղի ունեցավ խաղողօրհնեքի արարողությունը, որից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալներին: Նկատենք, որ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցին մշտապես լի է հավատացյալներով, սակայն այսօր` Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով, եկեղեցու բակում անգամ կանգնելու տեղ չկար: Orer.am-ը տոնի առիթով զրուցեց հավատացյալներից մի քանիսի հետ, ովքեր կիսվեցին իրենց զգացմունքներով եւ տպավորություններով:
Անահիտ Սիմոնյանը, կարեւորելով եկեղեցու կառուցումը, նշեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ այս եկեղեցու կառուցումը բավական ճիշտ քայլ էր: Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները` հավատացյալները, պետք է ունենային մոտակայքում իրենց եկեղեցին: Նման կերպ մենք կարող ենք պայքարել աղանդների եւ այդ կառույցների ներկայացուցիչների անաստված քայլերի դեմ: Այսօր մենք բոլորս հավաքվել ենք այստեղ աղոթք բարձրացնելու առ Աստված եւ մասնակցելու խաղողի օրհնության արարողությանը:Անտեսելով եղանակային շոգ պայմանները` մեծերն այստեղ են բերել իրենց երեխաներին, ոմանք էլ` թոռնիկներին: Կարծում եմ, որ երեխաների մեջ քրիստոնեության ծիլերը պետք է փոքր հասակից դնել »:
Իսկ Իշխան Խաչատրյանն էլ, ով եկեղեցի էր այցելել իր փոքրիկ թոռնուհու` Անահիտի հետ, խոսեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի մասին. «Մենք գիտենք, որ այս տոնը նշվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում: Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը համարվում է տաղավար տոն, որի հաջորդ օրը հավատացյալները պետք է այցելեն գերեզմաններ: Այսօր արգելվում են հուղարկավորություններ կատարելն ու գերեզմաններ այցելելը: Գտնում եմ, որ ժամանակի ընթացքում քայքայվել ու ջլատվել են քրիստոնեական շատ ու շատ կարեւոր տոներ: Հավանաբար հիշում եք, որ խորհրդային տարիներին այս տոները պատշաճ ձեւով չէին նշվում, իսկ եթե ավելի անկեղծ` գրեթե չէին նշվում: Հիմա ամեն ինչ դեպի լավն է գնում, եկեղեցիները տոնական արարողությունների, պատարագների ժամանակ լեփ-լեցուն են: Այսօրվա երիտասարդները Աստվածապատ են ու Հայր Առաքելական եկեղեցու իսկական հետեւորդ, ինչը շատ ուրախալի է»:
Սոսե Չանդոյան