Հայաստանն արտահանել է 70 հազար տոննա բանջարեղեն, 21 հազար տոննա ծիրան
EconomicsՀանրապետությունում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում` ճանապարհաշինության, ջրագծերի կառուցման, կրթօջախների, մշակութային տների և համայնքային նշանակության այլ կարևորագույն օբյեկտների հիմնանորոգման ու վերակառուցման մի շարք ծրագրեր, որոնք նաև նպաստելու են երկրում տնտեսության ակտիվության ապահով մանը:
Այդ մասին Ծաղկաձորում «Բազե» ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի ծրագրերով հանրապետությունում իրականացվում է 30 մլն դոլարի ճանապարհաշինական ծրագիր, ինչը կնպաստի նաև համայնքների զարգացմանն ու գյուղատնտեսության աճին:
Վարչապետը հավելեց, որ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում առկա է բարձր բերքատվություն, և այդ առումով մեծ նշանակություն է տրվել ոռոգման աշխատանքների կազմակերպմանը: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև ստացված բերքի արտահանման ուղղությամբ: Մասնավորապես, արդեն իսկ արտահանվել է 21 հազար տոննա ծիրան և 70 հազար տոննա բանջարեղեն: Արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է նաև Վերին Լարսի անցակետի աշխատաժամանակի ավելացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ և Վրաստանի վարչապետ ների վերջին հանդիպման ժամանակ:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը շարունակելու է տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը: Նրա տեղեկացմամբ, այս տարվա առաջին կիսամյակում 14 տոկոս աճ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, մեծ թափով զարգանում է հանքարդյունաբերությունը: Քայլեր են իրականացվում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: