Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բազե 2015»-ի հանդիսավոր բացմանը
SocietyԱրդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի ևս համախմբել է շուրջ 500 երիտասարդի` Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից: «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Բազե» հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 9-ը հոգանոց 45 ջոկատների: Ավանդական դարձած հավաքին այս տարի Երևանը ներկայանում է երկու ջոկատով՝ ընդգրկվելով «Կարմիր» և «Նարնջագույն» ճակատներում:
Ազգային խորհրդանշանների ներքո համախմբման, ինքնադրսևորման և ուժերը չափելու նպատակ ունեցող հավաքի շրջանակում յոթ օրերի ընթացքում մասնակիցները կմրցեն ինտելեկտուալ, մշակութային և մարզական մրցույթներում:
«Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացմանը հաջորդել է բազեականների հետ ավանդաբար անցկացվող հարցուպատասխանը, որի ընթացքում երիտասարդներին հետաքրքրող հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանը ներկայացնող ջոկատի անդամները նախ իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքի շարունակական ու համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի համար, նշելով, որ կատարած աշխատանքն իսկապես տեսանելի է ու ոգևորող: Ի պատասխան Երևանում աշխարհի տարբեր քաղաքների հետ համատեղ մարզական մեծ միջոցառում անցկացնելու հարցին՝ քաղաքապետը նկատել է, որ Երևանում այսօր բավականաչափ միջոցառումներ կազմակերպվում են մայրաքաղաքի կյանքն աշխուժացնելու ուղղությամբ՝ հատկանշելով արդեն երրորդ տարին անընդմեջ քաղաքապետարանի կողմից կազմակերպվող «Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային միջոցառումների անցկացումը:
«Բազմաթիվ են այն միջոցառումները, որոնք մենք կազմակերպում ենք «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, որոնք ինչպես մարզական են, այնպես էլ մշակութային և որ ամենակարևորն է, դրանցում մեծ մասնակցություն ունեն նաև հենց երիտասարդները: Բացի այդ, տարվա ընթացքում ևս կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրենց հերթին շատ որոշակի աշխուժություն են մտցնում մեր քաղաքում: Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին, ապա Երևանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, բաց և պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ: Ու հատկապես հաշվի առնելով, որ քաղաքապետին կից գործում է նաև երիտասարդական հարցերի հանձնաժողովը, խորհուրդ կտամ Ձեր այս առաջարկն առավել ամբողջական տեսքով ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Ու եթե այն հավանության արժանանա, ապա մենք պատրաստ ենք այդ ծրագիրը ներկայացնել նաև Երևանի 50-ից ավելի գործընկեր և քույր քաղաքների, ինչու չէ, նաև աշխարհի այլ քաղաքների մեր գործընկերներին»,- ընդգծել է քաղաքապետը:

