Մի խումբ ուսանողներ պատրաստվում են դասադուլի
SocietyՈւսանողների մի մասը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից դասադուլ սկսել: Նպատակը ուսանողների շրջանում իրազեկում անցկացնելն է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Բարև երիտասարդ, ուսանող, համաերկրացիներ: Կարծում եմ` բոլորիս մտահոգում են մեր երկրում ծառացած խնդիրները ու դրանց գլխավոր հետևանքը, այն է՝ հայ ազգի ոչնչացում: Դասերը, իհարկե, կարևոր են, բայց վերոնշյալ աղետի դեմն առնելը ուղղակի յուրաքանչյուրիս սրբազան գործն է: Դրա համար սեպտեմբերի 1-ից եկեք համախմբվենք ազատության հրապարակում ու ցույց տանք, թե ովքեր են տերերը էս երկրի»,- ասվում է Facebook սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ:
Դասադուլի նախաձեռնող անդամ Զարուհի Սիմոնյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ դասադուլը կրում է իրազեկող բնույթ. «Իրազեկող բնույթ պետք է կրի, որովհետև ուսանողների շատ քիչ տոկոսն է հետաքրքրված քաղաքականությամբ ու շատ քչերն են տեղյակ, թե ինչ է կատարվում։ Հիմնական խնդիրը սահմանադրական փոփոխություններն են։ Ուզում ենք բարձրացնել ուսանողների մոտ քաղաքացիական գիտակցության մակարդակը։ Որովհետև հետագայում քաղաքական ուժերը ցանկանում են միասանական ճակատ կազմել, իսկ բոլորիս համար պարզ է, որ կհաղթենք այն ժամանակ, երբ մաքսիմալ շատ մարդիկ կանգնեն ոտքի։ Մեր նպատակն է ուսանողներին պատրաստել ապագա միասանական ճակատով պայքարի»,- ասում է նախաձեռնող անդամը:
- Դուք մասնակցել եք նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դասադուլին, նախորդ անգամ տեսանք, որ ուսանողների շատ փոքր մասը մասնակցեց ու եղան ճնշումներ ուսանողների նկատմամբ: Արդյո՞ք Հայաստանում հիմա դասադուլը պայքարի արդյունավետ միջոց կլինի այն դեպքում, երբ, հավանաբար, ինչպես նախորդ անգամ, քչերը կմասնակցեն: Ինչպե՞ս է արվելու, որ մասնակիցները չտուժեն:
-Մանրամասներ դեռ չեմ կարող հայտնել, քանի որ դեռ քննարկումների փուլում է: Իրականում շատ բան կախված է հենց նրանից, թե ինչքան ուսանող կմասնակցի։ Համենայն դեպս, մենք նախնական տարբերակում պլանավորում ենք, որ դասադուլի նախկին ֆորմատը պետք է փոխենք ու օրինակ՝ շատ հնարավոր է, որ շաբաթվա մեջ մեկ օր դասի չգնանք ու այդ մեկ օրը զբաղվենք ակտիվ քարոզչությամբ։
- Տարբեր նախաձեռնություններ կան, որ դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, դուք պատրաստվո՞ւմ եք համագործակցել, միանալ դրանցից ինչ-որ մեկին, թե՞ առանձին եք հանդես գալու:
-Սկզբնական շրջանում մեր առջև դնում ենք զուտ տեղեկատվությունը ուսանողների շրջանում տարածելու խնդիրը։ Բնականաբար, հետագայում պետք է միանանք միասնական «Ո´չ»-ի ճակատին։ Սա կարելի է ասել՝ նախապատրաստական աշխատանքներ են հետագա մեծ պայքարի համար: Սահմանադրական բարեփոխումների հիմնական անընդունելի կետը անցումն է խորհրդարանական կառավարման համակարգին, որը կհանգեցնի ներկայիս իշխանության վերարտադրմանը:
Անժելա Պողոսյան