Հարկավոր է մերժել Վենետիկի հանձնաժողովի առաջարկները. Լեռնիկ Ալեքսանյան
InterviewOrer.am-ը շարունակում է անդրադառնալ Վենետիկի հանձնաժողովի զարհուրելի ու զավեշտալի առաջարկներին, որոնք վերջերս արվել էին Հայաստանի Հանրապետությանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Սովորաբար եվրոպական արժեքներ քարոզող այս կառույցն այս անգամ էլ իր այլասերված ծրագրերով փորձում է ներխուժել հայկական իրականություն՝ նպատակ ունենալով տակնուվրա անել դարերից եկած արժեքներն ու ավանդույթները: Հոդված 34-ի վերաբերյալ արված առաջարկի շուրջ, Orer.am-ն այս անգամ էլ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:
«Որքան էլ, որ Վենետիկի հանձնաժողովը պահանջի, իսկ եվրոպական արժեքներն ու համակարգը լավը լինեն, միեւնույն է, առաջարկները մեր ավանդույթներին դեմ են ու խորթ: Ես չեմ կարծում, որ կգտնվի որեւէ մեկը, ով դրան կողմ կլինի: Հարկավոր է մերժել Վենետիկի հանձնաժողովի առաջարկները»,- ասաց պատգամավորը:
Չընդունելով վերոնշյալ կառույցի կողմից արված առաջարկները՝ պատգամավորը, միեւնույն ժամանակ, կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովն իր այս քայլով որեւէ վնաս չի հասցնում Հայաստանին, քանի որ «պարզապես առաջարկ է անում». «Վենետիկի հանձնաժողովն իրոք եվրոպական արժեքների դավանողը, տարածողը, քարոզողը, ճշտողն ու վերահսկողն է: Նկատենք, որ տվյալ հանձնաժողովը չի պնդում եւ ասում, որ Հայաստանն անպայման պետք է ընդունի իրենց կողմից ներկայացված առաջարկները: Նրանք ասում են՝ թույլ տվեք, որ այսպես լինի»,- հավելում է Լ. Ալեքսանյանը:
Հարցին, թե որքանով է ընդունելի, երբ զարգացած պետությանը «մարդու իրավունքների ոտնահարում» ասվածի տակ փորձում են հրամցնել տվյալ երկրի եւ ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները ոտնահարող առաջարկներ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այո´, Վենետիկի հանձնաժողովն այսօր «մարդու իրավունքների ոտնահարում» ասվածի տակ անում է մի առաջարկ, ոը մեր ազգին շատ անհարիր է: Դա մեր արժեքային համակարգից դուրս մի առաջարկ է, որը նորից եմ կրկնում անընդունելի է»:
Սոսե Չանդոյան