Եթե խաղատնով պետք է պահպանենք այդ կառույցը, ավելի լավ է՝ չունենանք. Գրիգոր Ազիզյան
InterviewՀամալիրի տարածում ոչ մի բան չպետք է կառուցվի, որը կխաթարի Ցեղասպանության զոհերի հուշարձանի ընկալումը: Այս մասին,ինչպես հայտնում է Orer.am -ը,այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Վերջինս ընդգծեց, որ կառավարությունը չի կարող պահել Մարզահամերգային համալիրը ու այն պետք է սեփականաշնորհվեր.
«Կարծում եմ՝ դա շատ խորը մտածված էր, քանի որ Մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել: Այն պետք է սեփականաշնորհվի, բայց սեփականաշնորհումը պետք է լինի լուրջ կազմակերպության կողմից»,- ասաց բանախոսը:
Նա նաև նշեց, որ շատերը մոռանում են, որ այնտեղ արդեն կան գործող ռեստորաններ. «Խոսքը պարզապես ճիշտ մենեջմենթի մասին է, որը նույնիսկ չկարողացավ անել «Բամո» ընկերությունը: Իսկ ինչ վերաբերում է խաղատանը, եթե խաղատնով պետք է պաահպանենք այդ կառույցը, ավելի լավ է՝ չունենանք: 100 միլիոնը շեշտեցին, որ արդարացնեն խաղատան կառուցումը»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ չի պատկերացնում, թե որտեղ պետք է կառուցվեն հյուրանոցներն ու զվարճանքի կենտրոնները. «Որքան ընկերներով նայեցինք, այնտեղ այդպիսի տարածք չկա: Դա իրատեսական չէ: Մարզահամերգային համալիրի տարածքն ու Եղեռնի հուշահամալիրն անձեռնամխելի են: Չեմ պատկերացնում, թե որ հատվածում պետք է այդ կառույցները լինեն: Հիշեցնեմ, որ երկուսն էլ պահպանվում են օրենքով: Ի՞նչ է նշանակում զվարճանքի կենտրոն: Բուն համալիրը ամեն ինչ ունի իր ներսում»,- ասաց նա:
Խոսելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամեերգային համալիրի տարածքում խաղատուն կառուցելու մասին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ սրանով փորձում են խաղատները նորից Երևան բերել. «Այնքան լավ տեղեր կան խաղատների համար, եթե առաջին խաղատունը մուտք գործեց, մուտք կգործի նաև երկրորդը-երրորդը: Դժվար չէ 100 մլն ներդրում անել ու ստանալ կառավարության թույլտվությունը»,- նշեց բանախոսը:
Վերջինս նաև ասաց, որ նման կառույցները մասնավոր ընկերությանը վաճառելով պետք է վստահ լինենք, որ սեփականատերը այն ճիշտ կօգտագործի: «Վտանգը նրա մեջ չէ, որ պատմական կառույցները տրվում է մասնավորին: Եթե մենք հանձնում ենք ինչ-որ մեկին, պետք է վստահ լինենք, որ հետագայում սեփականատերը իր ցանկություններով չի շահագործի այն: Ցավոք, մենք անընդհատ շփվում ենք նման դեպքերի հետ: Տրվում է, մի քանի տարի հետո պարզվում է՝ շենքը վտանգի տակ է, պետք է պայմանագիրը այնպես կազմել, որ որևէ սողանցք չլինի, սեփականատերը իմանա՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ:Եթե չհասնենք նրան, որ օրենքը գերակա լինի, մենք ոչ մի տեղ չենք հասնի: Հայերը, ովքեր ցրված են ամբողջ աշխարհում, ուշի ուշով կհետևեն՝ ինչ է կատարվում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում: Եթե մենք ունենանք նման բան, հասարակությունը չի ների մեզ: Նույնիսկ ոչ հայերը զարմանքով կնայեն դրան»,- խոսքը եզրափակեց ճարտարապետների միության նախագահը:
Անժելա Պողոսյան