«Դիլիջան» ազգային պարկում արձանագրվել են անտառխախտման դեպքեր
Society««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հուլիսի 30-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝ ապօրինի հատված 20 ծառի, 4 մ3 վառելափայտի անտառից դուրսբերման և կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 30-ին անտառխախտման արձանագրություն է կազմվել «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Վ. Պետրոսյանի նկատմամբ` 2 հա բնական ծագումով մատղաշ ծառերը վնասելու, խոշոր և մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար: Հուլիսի 31-ին նույն տեղամասում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ս. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար:
«Գոշ տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում օգոստոսի 3-ին անտառխախտման արձանագրություն է կազմվել Ա. Զաքարյանի նկատմամբ` ապօրինի 4մ3 վառելափայտի դուրս բերման համար: Հաջորդ օրը նույն տեղամասում` Մ. Մովսիսյանի նկատմամբ` կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար: «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում օգոստոսի 6-ին Մ. Պողոսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում օգոստոսի 13-ին անտառխախտման արձանագրություն է կազմվել Խ. Ալիխանյանի նկատմամբ`ապօրինի հատված 10 կանգուն ծառի համար:
Նշված վեց անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին`ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու նպատակով: