«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենը մեղադրվում է Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ
SocietyԵրևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին և երկրորդ կետերի, 314-րդ հոդվածի և 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Արթուր Հովհաննիսյանը, 2007 թվականի ապրիլի 2-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները, ունենալով ընկերության կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր։
Այդ եղանակով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 12 միլիոն 390 հազար 585 ՀՀ դրամ:
Բացի այդ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել ընկերության և հասարակության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:
2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ` միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 միլիոն 197 հազար 450 ՀՀ դրամ:
Վերը նշված քրեական հոդվածներով՝ մեղադրյալին սպառնում երկուսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանքը: