«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքի մասնակիցները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Society«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքի շուրջ 500 պատանիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին` հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո պատանիները եղեւնիների պուրակում ծառ են տնկեցին, այնուհետեւ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ` ծանոթանալու նյութերին, ցուցանմուշներին:
«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» կազմկոմիտեի համանախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն, գնդապետ Վիտալի Ոսկանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտում է, որ մինչ Ծիծեռնակաբերդ այցելությունը մասնակիցներին ներկայացվել է պատմությունը: «Քանի որ այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը, որոշում կայացվեց Հայաստանի մասին պատմամշակութային այցի մեկնարկը տալ հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից»,- ասաց Վիտալի Ոսկանյանը` հավելելով, որ նախկին ԽՍՀՄ պետությունների ռազմական ուսումնարանների սաները կայցելեն նաեւ Մատենադարան, Գառնի եւ Գեղարդ, Էջմիածին:
«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերասիրություն, բարեկամություն սերմանելը:
Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանին ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին կմասնակցեն Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառման բացումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին Ծաղկաձորում: